Հոդված 11
Հոդված 11
ՏՈԿՈՍՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են՝ այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե տոկոսների շահառու սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
3. Չնայած 2-րդ կետի դրույթներին` Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից փաստացի տնօրինվող տոկոսները.
ա) կազատվեն հարկումից այն Պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, եթե դրանք վճարվում են`
i) մյուս Պայմանավորվող պետության Կառավարությանը, նրա քաղաքական ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին, այդ մյուս Պետության կենտրոնական բանկին կամ մյուս Պետության Կառավարության կողմից տնօրինվող կամ վերահսկվող ֆինանսական կազմակերպությանը.
ii) կապված մյուս Պայմանավորվող պետության Կառավարության, այդ մյուս Պետության կենտրոնական բանկի կամ Կառավարության կողմից տնօրինվող կամ վերահսկվող ֆինանսական կազմակերպության կողմից երաշխավորված կամ ապահովագրված վարկի կամ փոխառության հետ.
բ) հարկվում են այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են, տոկոսների համախառն գումարի 5 տոկոսը չգերազանցող դրույքաչափով, եթե տոկոսները վճարվում են` կապված բանկի կողմից հատկացված ցանկացած տեսակի փոխառության կամ վարկի հետ:
Պայմանավորվող պետության իրավասու մարմինները սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից` անկախ հիպոտեկային ապահովումից և անկախ պարտապանի` շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար գանձվող տույժերը սույն հոդվածի նպատակներով որպես տոկոսներ չեն դիտարկվում: «Տոկոսներ» տերմինը չի ներառում եկամտի որևէ տարր, որը, 10-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանված է որպես շահաբաժին:
5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների շահառու սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, անմիջականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
7. Եթե վճարողի և շահառու սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահառու սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները: