Հոդված 3
Հոդված 3
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Համաձայնագրի նպատակներով, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Չեխիայի Հանրապետություն կամ Հայաստան.
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն, իսկ երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է` տարածք, ներառյալ ցամաքը, ջրերը, ընդերքը և օդային տարածքը, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները և իրավասությունը` ներպետական օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն.
գ) «Չեխիայի Հանրապետություն» տերմինը նշանակում է Չեխիայի Հանրապետության տարածքը, որի նկատմամբ Չեխիայի Հանրապետությունն իրականացնում է իր ինքնիշխան իրավունքները` Չեխիայի օրենսդրության և միջազգային իրավունքի համաձայն.
դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է` ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ.
զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.
է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է` ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից շահագործվող նավով, օդանավով, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցով` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ծովային, օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային փոխադրամիջոցը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների նախարար և Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրանց կողմից լիազորված ներկայացուցիչներ.
ii) Չեխիայի Հանրապետության դեպքում՝ ֆինանսների նախարար կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչ.
ժ) «քաղաքացի» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ.
ii) Պայմանավորվող պետության գործող օրենքների հիման վրա իր` որպես այդպիսին, կարգավիճակն ստացած ցանկացած իրավաբանական անձ, գործընկերություն կամ ասոցիացիա.
ժա) «ձեռնարկատիրական գործունեություն» տերմինը ներառում է նաև մասնագիտական ծառայությունների և անկախ բնույթի այլ գործունեության իրականացումը:
2. Ինչ վերաբերում է Պայմանավորվող պետության կողմից սույն Համաձայնագրի ցանկացած պահի կիրառմանը, ապա դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որն այն ունի այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի առնչությամբ, որոնց վրա տարածվում է Համաձայնագիրը. ընդ որում` այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանված յուրաքանչյուր նշանակություն գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրվող նշանակության նկատմամբ: