Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն Համաձայնագրի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է` գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը մասնավորապես ներառում է.

ա) կառավարման վայրը.

բ) մասնաճյուղը.

գ) գրասենյակը.

դ) գործարանը.

ե) արհեստանոցը.

զ) առևտրի կետը և

է) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետազոտման կամ արդյունահանման ցանկացած այլ վայրը:

3. «Մշտական հաստատություն» տերմինը ներառում է նաև.

ա) շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական աշխատանքները, բայց միայն այն դեպքում երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ աշխատանքների տևողությունը գերազանցում է վեց ամիսը.

բ) ծառայությունների մատուցումը (այդ թվում` խորհրդատվական կամ կառավարչական ծառայությունները) Պայմանավորվող պետության ձեռնարկության կամ այդ նպատակի համար ձեռնարկության վարձու կամ այլ աշխատողների միջոցով, բայց միայն այն դեպքում, երբ այդ բնույթի գործունեությունը մյուս Պայմանավորվող պետության տարածքում ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում ընդհանուր առմամբ գերազանցում է վեցամսյա ժամանակահատվածը կամ ժամանակահատվածները:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին` «Մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) շինությունների օգտագործումը ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակման նպատակով.

դ) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

զ) գործունեության մշտական վայրի պահպանումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության մշտական վայրի ամբողջական գործունեությունն ունի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին` այն դեպքում, երբ անձը, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ (որին վերաբերում է 6-րդ կետը), գործում է Պայմանավորվող պետությունում մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող առաջինը նշված Պայմանավորվող պետությունում՝ այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, եթե այդպիսի անձը.

ա) ունի և սովորաբար օգտագործում է այդ Պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, եթե այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետով, որը եթե անգամ իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն` այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության, կամ

բ) չունի այդպիսի իրավասություն, բայց սովորաբար առաջինը նշված Պետությունում պահում է ապրանքների կամ արտադրանքի պահեստ, որտեղից պարբերաբար ապրանքներ կամ արտադրանք է առաքում ձեռնարկության անունից:

6. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ իր ձեռնարկատիրական գործունեությունն այդ պետությունում իրականացնում է բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպով), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի մշտական հաստատությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։