Հոդված 24
Հոդված 24
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Եթե անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներպետական իրավունքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, իր գործը ներկայացնել այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 23-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը դիմում-բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ գտնելու գոհացուցիչ լուծում, ապա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Համաձայնագրին չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կիրառվի` անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական իրավունքում առկա որևէ ժամանակային սահմանափակումից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ տարաձայնություն կձգտեն լուծել փոխհամաձայնությամբ: Համաձայնագրով չնախատեսված դեպքերում նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ` կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ` նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով: