Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻՆ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Այնուամենայնիվ, այդպիսի ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է՝ այդ Պետության օրենքներին համապատասխան. բայց եթե ռոյալթիի շահառու սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի.
ա) ռոյալթիի համախառն գումարի 5 տոկոսը` 3-րդ կետի «ա» ենթակետում նշված տեսակի դեպքում.
բ) ռոյալթիի համախառն գումարի 10 տոկոսը` 3-րդ կետի «բ» ենթակետում նշված տեսակի դեպքում:
Պայմանավորվող պետության իրավասու մարմիններն այս սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է` փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում.
ա) ցանկացած գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքի, ներառյալ կինոժապավենների և հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար օգտագործվող ժապավենների կամ ձայներիզների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար.
բ) ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, ձևավորման կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի և համակարգչային ծրագրի կամ ցանկացած արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորման օգտագործման կամ օգտագործման իրավունքի կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկությունների օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի շահառու սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի դիմաց վճարվում է ռոյալթին, անմիջականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության հետ: Այդ դեպքերում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին համարվում է առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթի վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը, ապա այդպիսի ռոյալթին համարվում է առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը:
6. Եթե վճարողի և շահառու սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և շահառու սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները: