Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ

1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունն իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է տվյալ մշտական հաստատությանը:

2. 3-րդ կետի դրույթներով, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ, եթե լիներ նույնպիսի կամ համանման պայմաններում, նույնպիսի կամ համանման գործունեություն իրականացնող` միանգամայն ինքնուրույն և առանձին ձեռնարկություն և գործեր լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է հանդիսանում:

3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցնել մշտական հաստատության գործունեության նպատակներով կատարված ծախսերը, այդ թվում` կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից` դրանք կատարված են այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, թե այլ տեղում:

Սակայն ոչ մի այդպիսի նվազեցում չպետք է թույլատրվի այն գումարների նկատմամբ, եթե այդպիսիք կան, որոնք վճարվել են (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին` արտոնագրերից կամ այլ իրավունքներից օգտվելու համար, ռոյալթիի, հոնորարների կամ նման վճարումների տեսքով կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ կառավարման համար միջնորդավճարի միջոցով կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների միջոցով:

Նմանապես մշտական հաստատության շահույթները սահմանելիս ոչ մի գումար չի համարվի ընդունված պահանջված գումարների նկատմամբ (այլ կերպ, քան փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) մշտական հաստատության կողմից ձեռնարկության գլխավոր գրասենյակին կամ նրա այլ գրասենյակներին` արտոնագրերից կամ այլ իրավունքներից օգտվելու համար, ռոյալթիի, հոնորարների կամ նման վճարումների միջոցով կամ մատուցած հատուկ ծառայությունների կամ կառավարման համար միջնորդավճարի միջոցով կամ (բացառությամբ բանկերի) մշտական հաստատությանը տրամադրած փոխառության համար տոկոսների տեսքով:

4. Եթե Պայմանավորվող պետությունում ընդունված է մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշել ձեռնարկության տարբեր ենթամասերի միջև ձեռնարկության ընդհանուր շահույթի համամասնական բաշխման հիման վրա, ապա 2-րդ կետում ոչինչ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը բաշխման այդպիսի ընդունված եղանակով: Այնուամենայնիվ, բաշխման ընդունված եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածի սկզբունքներին:

5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:

6. Նախորդ կետերի նպատակներով` մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ամեն տարի որոշվում է նույն եղանակով, քանի դեռ չկա այն փոխելու հիմնավոր և բավարար պատճառ:

7. Այն դեպքում, երբ շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Համաձայնագրի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։