Հոդված 10
Հոդված 10
ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ պետության օրենքների համաձայն, բայց եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե փաստացի սեփականատերը ընկերություն է (գործընկերությունից բացի), որն ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 10 տոկոսը.
բ) շահաբաժինների համախառն գումարի 15 տոկոսը` մյուս բոլոր դեպքերում:
Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպես բաժնետոմսերից եկամուտը` համաձայն այն պետության օրենքների, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը, և ներդրողների շահաբաժինը առևտրային, արդյունաբերական, հանքարդյունաբերական կամ նավաշինական ձեռնարկությունում վճարված` շահույթին համամասնորեն և նրա կապիտալ ծախսերի հիման վրա, ինչպես նաև պարտատոմսերի դիմաց տոկոսները և վճարումները, որտեղ տոկոսների կայուն դրույքաչափից ավելիի դեպքում լրացուցիչ եկամտի նվազեցման իրավունք է տրվում` փոփոխելով բաշխված շահույթին համապատասխան:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է շահաբաժիններ վճարող ընկերությունը` այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, փաստացիորեն կապված է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, ապա այդ մյուս պետությունը չի կարող հարկել ընկերության կողմից վճարված շահաբաժինները, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս պետության ռեզիդենտին կամ, երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, փաստացիորեն կապված է այդ մյուս պետությունում գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հետ, և չի կարող ընկերության չբաշխված շահույթը հարկել ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: