Հոդված 5
Հոդված 5
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՅՐԸ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայր» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:
2. «Տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայր» տերմինը ներառում է հատկապես.
ա) կառավարման վայրը.
բ) մասնաճյուղը.
գ) գրասենյակը.
դ) գործարանը.
ե) արհեստանոցը և
զ) հանքահորը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարների հետախուզման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:
3. ա) Շինարարական հրապարակը, կառուցման, հավաքման կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական աշխատանքները համարվում են տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայր, միայն եթե դրանց տևողությունը գերազանցում է տասներկու ամիսը:
բ) Ծառայությունների մատուցումը, ներառյալ խորհրդատվական ծառայությունները, ձեռնարկության կամ այդ նպատակի համար ձեռնարկության վարձած աշխատողների կամ այլ անձնակազմի միջոցով, կազմում է մշտական հաստատություն, բայց միայն երբ այդ բնույթի աշխատանքները շարունակվում են (միևնույն նախագծի համար կամ այդ նախագծի հետ կապված) այդ պետությունում ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում ընդհանուր առմամբ երեք ամիսը գերազանցող ժամանակահատվածով կամ ժամանակահատվածներով:
4. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից` «տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայր» տերմինը չի ներառում.
ա) կառույցների օգտագործումը՝ ձեռնարկությանը պատկանող ապրանքների, արտադրանքի բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ բացառապես պահեստավորման, ցուցադրման կամ առաքման նպատակով.
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը՝ այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակման նպատակով.
դ) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահպանումը՝ բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.
ե) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ձեռնարկության համար նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.
զ) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես «ա»-«ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:
5. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից` այն դեպքում, երբ անկախ կարգավիճակով գործակալից բացի այլ անձը, որի նկատմամբ կիրառվում է 6-րդ կետը, գործում է ձեռնարկության անունից, և ունի ու սովորաբար օգտագործում է Պայմանավորվող պետությունում ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, ապա այդ ձեռնարկությունը համարվում է «տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայր» այդ պետությունում՝ այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության մասով, բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն այդ գործունեության կայուն վայրը չի վերածում տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի:
6. Ձեռնարկությունը չի համարվում տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայր Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ իր ձեռնարկատիրական գործունեությունն այդ պետությունում իրականացնում է բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս պետությունում (տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից որևէ մեկին չի դարձնում մյուսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը: