Հոդված 12
Հոդված 12
ՌՈՅԱԼԹԻՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված ռոյալթիները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն, այդպիսի ռոյալթիները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ, այդ պետության օրենքներին համապատասխան, դրանք առաջանում են, բայց եթե ստացողը ռոյալթիների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը:
3. «Ռոյալթիներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում՝ գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքների, ներառյալ հեռուստառադիոհեռարձակման համար օգտագործվող ֆիլմերի, տեսաերիզների կամ ձայներիզների, ցանկացած արտոնագրի, ապրանքային նշանի, արդյունաբերական նմուշի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի օգտագործման, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են ռոյալթիները՝ այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվում են ռոյալթիները, փաստացիորեն կապված է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթիները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը այդ պետության ռեզիդենտ է: Սակայն, երբ ռոյալթիներ վճարող անձի, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը Պայմանավորվող պետությունում է, որի կապակցությամբ առաջացել է ռոյալթիներ վճարելու պարտավորությունը և այդպիսի ռոյալթիների վճարման ծախսերը կրում է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը, ապա այդպիսի ռոյալթիները համարվում են առաջացած այն Պայմանավորվող պետությունում, որտեղ տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրն է:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: