Հոդված 23
Հոդված 23
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՌՈՒՄԸ
1. Հայաստանում կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպով.
ա) այն դեպքում, երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Լյուքսեմբուրգում, ապա Հայաստանը թույլ է տալիս`
i) նվազեցնել այդ ռեզիդենտի եկամտի հարկից Լյուքսեմբուրգում վճարված եկամտահարկին հավասար գումար.
ii) նվազեցնել այդ ռեզիդենտի գույքի վրա դրվող հարկից Լյուքսեմբուրգում վճարված գույքահարկին հավասար գումար:
Սակայն, այդպիսի նվազեցումը, ցանկացած դեպքում, չպետք է գերազանցի մինչև նվազեցման տրամադրումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքահարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրելի է այն եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Լյուքսեմբուրգում.
բ) այն դեպքում, երբ սույն Կոնվենցիայի ցանկացած դրույթին համապատասխան, Հայաստանի ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը Հայաստանում ազատված է հարկումից, Հայաստանը, այնուամենայնիվ, այդպիսի ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի նկատմամբ հարկի գումարը հաշվարկելիս կարող է հաշվի առնել ազատված եկամուտը կամ գույքը:
2. Լյուքսեմբուրգում, կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ Լյուքսեմբուրգի օրենքի դրույթների պահպանմամբ, որոնք չեն ազդում սույն Կոնվենցիայի ընդհանուր սկզբունքների վրա, կրկնակի հարկումը բացառվում է հետևյալ կերպ.
ա) այն դեպքում, երբ Լյուքսեմբուրգի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ գույք է տնօրինում, որը, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող է հարկվել Հայաստանում, ապա Լյուքսեմբուրգը, «բ» և «գ» ենթակետերի պահպանմամբ, այդպիսի եկամուտն ու գույքն ազատում է հարկերից, սակայն, ռեզիդենտի եկամտի և գույքի մնացած մասի նկատմամբ հարկի մեծությունը հաշվարկելու նպատակով, կարող է կիրառել հարկի նույն դրույքաչափերը, որոնք կիրառվում են հարկից չազատված եկամտի և գույքի համար.
բ) այն դեպքում, երբ Լյուքսեմբուրգի ռեզիդենտը ստանում է եկամուտ, որը 10-րդ, 11-րդ, 12-րդ և 16-րդ հոդվածների դրույթներին համապատասխան կարող է հարկվել Հայաստանում, Լյուքսեմբուրգը պետք է թույլատրի նվազեցումներ կատարել ֆիզիկական անձանց եկամտահարկից կամ այդ ռեզիդենտի կորպորատիվ հարկից Հայաստանում վճարված հարկի գումարի չափով: Այնուամենայնիվ, նման նվազեցումը չի կարող գերազանցել հարկի այն մասը, որը հաշվարկվել էր մինչ նվազեցումը կատարելը, որը վերագրվում է Հայաստանում ստացված եկամտի տարրերին.
գ) «ա» ենթակետի դրույթները չեն կիրառվում Լյուքսեմբուրգի ռեզիդենտի ստացած եկամտի և տնօրինվող գույքի նկատմամբ, եթե Հայաստանը կիրառում է սույն Կոնվենցիայի դրույթները` նման եկամուտը և գույքը հարկից ազատելու համար կամ այդպիսի եկամտի նկատմամբ կիրառում է 10-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ և 12-րդ հոդվածների դրույթները: