Հոդված 11
Հոդված 11
ՏՈԿՈՍՆԵՐԸ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս պետությունում:
2. Սակայն, այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ, այդ պետության օրենքների համաձայն, դրանք առաջանում են, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից՝ 1-ին կետում նշված տոկոսները կհարկվեն միայն այն Պայմանավորվող պետությունում, որում ստացողը ռեզիդենտ է, եթե տոկոսների փաստացի սեփականատերը այդ պետության ռեզիդենտ է և.
ա) այդ պետությունն է, նրա իշխանության տեղական մարմինը կամ օրենքով նախատեսված մարմինը.
բ) եթե տոկոսները վճարվում են այն պետության կողմից, որում առաջացել են կամ նրա իշխանության տեղական մարմնի կամ օրենքով նախատեսված մարմնի կողմից.
գ) եթե տոկոսները վճարվում են փոխառության, պարտապահանջի կամ վարկի կապակցությամբ, որը պարտավորություն է, կամ կատարվել, տրվել, երաշխավորվել, կամ ապահովագրվել է այդ պետության, կամ նրա իշխանության տեղական մարմնի, կամ արտահանող ֆինանսական գործակալության կողմից.
դ) եթե տոկոսները վճարվում են բանկի կողմից տրամադրվող ցանկացած տեսակի փոխառության կապակցությամբ:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիփոթեքային ապահովումից և պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ պետական արժեթղթերից և եկամուտ պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից՝ ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Այնուամենայնիվ «տոկոս» տերմինը չի ներառում 10-րդ հոդվածում նշված եկամուտը։ Ուշացման համար նախատեսված տույժերը սույն հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտարկվում։
5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները՝ այնտեղ գտնվող տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, փաստացիորեն կապված է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրի հետ: Այդ դեպքում կիրառվում են 7-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ պետության ռեզիդենտ է: Սակայն, այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձի, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը Պայմանավորվող պետությունում է, որի կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն պետությունում, որտեղ գտնվում է տնտեսական գործունեության իրականացման հիմնական վայրը:
7. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող՝ վճարվող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը նշված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան՝ պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: