Հոդված 25
Հոդված 25
ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկմանը, ապա ինքը կարող է, անկախ այդ պետությունների ներպետական իրավունքով նախատեսված պաշտպանության միջոցներից, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի քաղաքացին է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից երեք տարվա ընթացքում:
2. Եթե իրավասու մարմինը առարկությունը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ձեռք բերված ցանկացած համաձայնություն պետք է կիրառվի անկախ Պայմանավորվող պետությունների ներպետական իրավունքում առկա որևէ ժամանակային սահմանափակումներից:
3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացած ցանկացած դժվարություն կամ կասկած կձգտեն լուծել փոխադարձ համաձայնությամբ: Նրանք կարող են նաև համատեղ խորհրդակցել՝ Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ, ներառյալ՝ իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից բաղկացած միավորված հանձնաժողովի միջոցով: