Հոդված 1
Հոդված 1
(ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ)
Սույն Համաձայնագրի նպատակով, եթե համատեքստով այլ բան չի պահանջվում.
ա) «Կոնվենցիա» տերմինը նշանակում է` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա, որը ստորագրման համար բացվել է Չիկագոյում 1944 թվականի դեկտեմբերի 7-ին և ներառում է ցանկացած հավելված, որն ընդունվել է այդ Կոնվենցիայի 90-րդ հոդվածի համաձայն, և, Կոնվենցիայի 90-րդ և 94-րդ հոդվածների համաձայն, հավելվածներում ու Կոնվենցիայում կատարված ցանկացած փոփոխություն` այնքանով, որքանով այդ հավելվածներն ու փոփոխությունները մշակվել են երկու Պայմանավորվող կողմերի կողմից.
բ) «ավիացիոն իշխանություններ» հասկացությունը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, իսկ Չեխիայի Հանրապետության համար՝ տրանսպորտի նախարարություն, կամ երկու դեպքում էլ՝ ցանկացած այլ մարմին, որն օրենքով լիազորված է իրականացնելու այդ ավիացիոն իշխանությունների կողմից իրականացվող գործառույթները.
գ) «նշանակված ավիաընկերություն» հասկացությունը նշանակում է` յուրաքանչյուր ավիաընկերություն, որի նշանակման մասին Պայմանավորվող կողմերից մեկը գրավոր հայտնել է մյուս Պայմանավորվող կողմին, և որը, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն, թույլտվություն է ստացել շահագործելու համաձայնեցված հաղորդակցություններ սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն սահմանված երթուղիներով.
դ) «տարածք», «օդային հաղորդակցություն», «միջազգային օդային հաղորդակցություն», «ավիաընկերություն» և «կանգառ ոչ առևտրային նպատակներով» հասկացություններն ունեն այն իմաստները, որոնք դրանց համապատասխանաբար տրված է Կոնվենցիայի 2-րդ և 96-րդ հոդվածներում.
ե) «տարողություն» հասկացությունը համաձայնեցված հաղորդակցությունների առնչությամբ նշանակում է` այդ հաղորդակցություններում օգտագործվող օդանավի նստատեղերի տարողությունը՝ բազմապատկած տրված ժամանակահատվածում երթուղու կամ դրա մի մասի վրա նման օդանավի կողմից շահագործվող հաճախականությամբ.
զ) «սակագին» տերմինը նշանակում է` այն գները կամ գանձումները, որոնք վճարվում են ուղևորների, ուղեբեռի և բեռի փոխադրման համար (բացառությամբ փոստի փոխադրման վարձավճարի և պայմանների), և այն պայմանները, որոնց ներքո տվյալ գները և գանձումները կիրառվում են` ներառյալ փոխադրման առնչությամբ գործակալական ծառայությունների դիմաց վճարվելիք հավելավճարները, նման փոխադրման նկատմամբ օժանդակ ցանկացած ծառայության գանձումները և պայմանները, որոնք առաջարկվում են ավիաընկերությունների կողմից և ներառում են նաև փոխադրման կապակցությամբ տրամադրված ցանկացած էական առավելություն.
է) «Հավելված» տերմինը նշանակում է` սույն Համաձայնագրի հավելվածը կամ սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի դրույթներին համապատասխան փոփոխվածը: Հավելվածը կազմում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը, և բոլոր հղումները Համաձայնագրին ներառում են Հավելվածը` բացառությամբ, եթե այլ հստակ համաձայնություն ձեռք չի բերվել: