Հոդված 17
Հոդված 17
Անդրսահմանային հսկողություն
1. Կողմերից մեկի ոստիկանության պաշտոնյաները, որոնք քրեական հետաքննության շրջանակներում իրենց երկրում հսկում են քրեական հանցագործությանը մասնակցելու մեջ ենթադրվող անձին, որի նկատմամբ կարող է կիրառվել հանձնում, կամ այն անձին, որի առնչությամբ վստահ են, որ կարող է պատճառ հանդիսանալ վերոնշյալ անձի ինքնությունը կամ գտնվելու վայրը բացահայտելու համար, պետք է իրավասու լինեն շարունակելու իրենց կողմից իրականացվող հսկողությունը մյուս Կողմի տարածքում, եթե վերջինս թույլատրել է իրականացնել անդրսահմանային հսկողություն` նախկինում ներկայացված օգնության հարցմանն ի պատասխան։ Պայմանները կարող են կցվել թույլտվությանը։
Հարցման հիման վրա հսկողությունը կվստահվի այն Կողմի պաշտոնյաներին, որի տարածքում դա իրականացվում է։
1-ին կետում նշված օգնության հարցումը պետք է ուղարկվի յուրաքանչյուր Կողմի կողմից նշանակված և պահանջված թույլտվությունը տրամադրելու կամ փոխանցելու իրավասություն ունեցող իրավասու մարմնին։
2. Եթե, հատկապես, անհետաձգելի լինելու պատճառով մյուս Կողմի նախնական թույլտվությունը չի կարող պահանջվել, քրեական հետաքննության շրջանակներում հսկողության գործառույթներ իրականացնող պաշտոնյաները պետք է իրավասություն ունենան շարունակելու սահմաններից դուրս հսկել 6-րդ կետում նշված հանցագործությունը կատարելու մեջ ենթադրվող անձին` պայմանով, որ կպահպանվեն հետևյալ պայմանները.
ա) 4-րդ կետով նշանակված Կողմի, որի տարածքում պետք է շարունակվի հսկողությունը, իրավասու մարմինները պետք է հսկողության ընթացքում անհապաղ ծանուցվեն, որ սահմանը հատվել է.
բ) 1-ին կետին համապատասխան ներկայացված և սահմանը առանց նախնական թույլտվության հատելու համար հիմքերը նշող օգնության մասին հարցումը պետք է ներկայացվի առանց ձգձգումների։
Հսկողությունը պետք է դադարեցվի այն Կողմի հարցում անելուն պես, որի տարածքում դա տեղի է ունենում՝ «ա» ենթակետում նշված ծանուցումից կամ «բ» ենթակետում նշված հարցումից հետո, կամ՝ եթե թույլտվությունը չի ստացվել սահմանը հատելուց հետո հինգ ժամվա ընթացքում։
3. 1-ին և 2-րդ կետերում նշված հսկողությունը պետք է իրականացվի միայն հետևյալ հիմնական պայմաններով.
ա) հսկողությունն իրականացնող պաշտոնյաները պետք է պահպանեն սույն հոդվածի դրույթները և այն Կողմի օրենքը, որի տարածքում իրականացնում են հսկողությունը. նրանք պետք է հետևեն տեղական պատասխանատու իրավասու մարմինների հրահանգներին.
բ) 2-րդ կետում նախատեսված իրավիճակներից բացի` պաշտոնյաները պետք է հսկողության ընթացքում իրենց մոտ ունենան թույլտվության տրամադրումը հավաստող փաստաթուղթ.
գ) հսկողություն իրականացնող պաշտոնյաները պետք է միշտ պատրաստ լինեն ներկայացնելու ապացույց այն մասին, որ գործում են պաշտոնական դիրքից ելնելով.
դ) հսկողություն իրականացնող պաշտոնյաները կարող են հսկողության ընթացքում կրել իրենց ծառայողական զենքերը` բացառությամբ այն դեպքերի, երբ հատկապես հայցվող Կողմն այլ կերպ է որոշում. դրանց օգտագործումը պետք է արգելվի` բացառությամբ ինքնապաշտպանության օրինական դեպքերի.
ե) հանրության համար ոչ հասանելի վայրեր և մասնավոր տներ մուտքը պետք է արգելվի.
զ) հսկողություն իրականացնող պաշտոնյաները չեն կարող ո՛չ կանգնեցնել, ո՛չ հարցեր տալ, ո՛չ էլ ձերբակալել այն անձանց, ում հսկում են.
է) բոլոր գործողությունները պետք է զեկուցվեն այն Կողմի իրավասու մարմիններին, որի տարածքում դրանք տեղի են ունենում. կարող է պահանջվել, որ հսկողություն իրականացնող պաշտոնյաները ներկայանան անձամբ.
ը) այն Կողմի իրավասու մարմինները, որտեղից եկել են հսկողություն իրականացնող պաշտոնյաները, այն Կողմի իրավասու մարմինների հարցմամբ, որի տարածքում իրականացվում է հսկողությունը, պետք է օգնեն իրենց մասնակցությամբ իրականացված հսկողությանը հաջորդող քննությանը, այդ թվում՝ դատական ընթացակարգերին։
4. Կողմերը պետք է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունելու, հաստատելու կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ նշեն սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի նպատակներով իրենց կողմից նշանակված պաշտոնյաներին և իրավասու մարմիններին։ Հետագայում նրանք կարող են ցանկացած ժամանակ և նույն եղանակով փոխել իրենց հայտարարության պայմանները։
5. Կողմերը կարող են երկկողմ մակարդակում ընդլայնել սույն հոդվածի շրջանակը և ընդունել դրա իրականացման համար լրացուցիչ միջոցներ։
6. 2-րդ կետում նշված հսկողությունը կարող է իրականացվել հետևյալ քրեական հանցագործություններից միայն մեկի առնչությամբ.
- սպանություն քաղաքական նկատառումներով.
- սպանություն.
- բռնաբարություն.
- հրկիզում.
- կեղծում.
- զինված կողոպուտ և գողացված ապրանքների թաքուստ.
- շորթում.
- առևանգում և պատանդառություն.
- մարդկանց շահագործում (թրաֆիկինգ).
- թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի առևտուր.
- զենքի և պայթուցիկ նյութերի մասին օրենքների խախտում.
- պայթուցիկ նյութերի օգտագործում.
- թունավոր և վտանգավոր թափոնների ապօրինի փոխադրում.
- օտարերկրացիների մաքսանենգություն.
- երեխաների սեռական շահագործում։