Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հաղորդակցման ուղիները

Կոնվենցիայի 15-րդ հոդվածը պետք է փոխարինվի հետևյալ դրույթներով.

«1. Փոխադարձ օգնության մասին հարցումները, ինչպես նաև առանց հարցման տրամադրվող տեղեկատվությունը պետք է հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից գրավոր հասցեագրվեն հայցվող Կողմի արդարադատության նախարարությանը և վերադարձվեն միևնույն ուղիներով: Այնուամենայնիվ, դրանք կարող են հայցող Կողմի դատական մարմինների կողմից անմիջականորեն փոխանցվել հայցվող Կողմի դատական մարմիններին և վերադարձվել միևնույն ուղիներով։

2. Սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով և սույն Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ Արձանագրության 13-րդ հոդվածով նախատեսված դիմումները բոլոր դեպքերում հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից պետք է հասցեագրվեն հայցվող Կողմի արդարադատության նախարարությանը և վերադարձվեն միևնույն ուղիներով։

3. Սույն Կոնվենցիայի 1-ին հոդվածի 3-րդ կետում նշված դատավարություններին առնչվող փոխադարձ օգնության հարցումները, հանգամանքներից ելնելով, նույնպես կարող են հայցող Կողմի դատական կամ վարչական մարմինների կողմից անմիջականորեն փոխանցվել հայցվող Կողմի դատական կամ վարչական մարմիններին և վերադարձվել միևնույն ուղիներով։

4. Սույն Կոնվենցիայի երկրորդ լրացուցիչ Արձանագրության 18-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան արված փոխադարձ օգնության մասին հարցումները նույնպես հայցող Կողմի իրավասու մարմինների կողմից կարող են անմիջականորեն ուղարկվել հայցվող Կողմի իրավասու մարմիններին։

5. Սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցումները շահագրգիռ դատական մարմինների կողմից կարող են անմիջականորեն հասցեագրվել հայցվող Կողմի համապատասխան մարմիններին, և պատասխանները կարող են վերադարձվել անմիջականորեն այդ մարմինների կողմից։ Սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հարցումները հայցող Կողմի արդարադատության նախարարության կողմից պետք է հասցեագրվեն հայցվող Կողմի արդարադատության նախարարությանը։

6. Կոնվենցիայի լրացուցիչ Արձանագրության 4-րդ հոդվածում նշված` դատապարտման և ձեռնարկված միջոցների վերաբերյալ փաստաթղթերի պատճենների համար հարցումները կարող են արվել անմիջականորեն իրավասու մարմիններին։ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սահմանել, թե սույն կետի նպատակներով ո՛ր մարմիններին է ինքը համարելու իրավասու մարմիններ։

7. Անհետաձգելի դեպքերում, երբ սույն Կոնվենցիայով թույլատրվում է ուղղակի փոխանցումը, դա կարող է իրականացվել Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) միջոցով։

8. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած պահի Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ իրեն իրավունք վերապահել փոխադարձ օգնության մասին հարցումները կամ նշված հարցումների կատարումը պայմանավորել հետևյալ մեկ կամ մի քանի պայմաններով.

ա) որ հարցման պատճենը փոխանցվի այդ հայտարարության մեջ նշված կենտրոնական մարմնին.

բ) այդ հարցումները, բացառությամբ անհետաձգելի հարցումների, փոխանցվեն այդ հայտարարության մեջ նշված կենտրոնական մարմնին.

գ) որ անհետաձգելի լինելու պատճառով անմիջական փոխանցման դեպքում պատճենը պետք է միաժամանակ փոխանցվի իր արդարադատության նախարարությանը.

դ) որ օգնության մասին մի քանի կամ բոլոր հարցումները պետք է իրեն ուղարկվեն այլ ուղիներով, քան նախատեսված են սույն հոդվածով։

9. Փոխադարձ օգնության մասին հարցումները և սույն Կոնվենցիայով կամ դրա Արձանագրություններով նախատեսված այլ հաղորդակցությունները կարող են փոխանցվել էլեկտրոնային կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով` պայմանով, որ հարցման դեպքում հայցող Կողմը պատրաստ է ցանկացած ժամանակ տրամադրել դրանց գրավոր արձանագրությունները և բնօրինակները։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ սահմանել այն պայմանները, որոնց համաձայն ինքը կընդունի և կկատարի էլեկտրոնային կամ հաղորդակցման այլ միջոցներով ստացված հարցումները։

10. Սույն հոդվածի դրույթները չեն խախտում Կողմերի միջև գործող այն երկկողմ պայմանագրերը կամ պայմանավորվածությունները, որոնք իրենց համապատասխան իրավասու մարմինների միջև օգնության մասին հարցումների ուղիղ փոխանցում են նախատեսում։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։