Հոդված 20
Հոդված 20
Համատեղ հետաքննության խմբերը
1. Մեկ կամ մի քանի Կողմերի իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են ստեղծել համատեղ հետաքննության խմբեր հատուկ նպատակներով և սահմանափակ ժամկետներով, որոնք կարող են երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, այդ խմբերը ստեղծած մեկ կամ մի քանի Կողմերի տարածքում քրեական հետաքննություն վարելու համար։ Խմբի կազմավորումը պետք է ամրագրվի համաձայնագրի մեջ։
Համատեղ հետաքննության խումբը կարող է ստեղծվել, մասնավորապես, եթե.
ա) քրեական հանցագործություններով Կողմերի հետաքննությունը պահանջում է բարդ և մյուս Կողմերի հետ կապ ունեցող անհրաժեշտ հետաքննություններ.
բ) մի շարք Կողմեր վարում են քրեական հանցագործության հետաքննություն, որում գործի հանգամանքների համար անհրաժեշտ է ներգրավված Կողմերի համակարգված համաձայնությունը։
Համատեղ հետաքննության խումբ ստեղծելու համար հարցումը կարող է կազմվել շահագրգիռ Կողմերից որևէ մեկի կողմից։ Խումբը պետք է ստեղծվի Կողմերից այն մեկում, որտեղ ակնկալվում է, որ կիրականացվեն քննչական գործողություններ։
2. Համատեղ հետաքննության խումբ ստեղծելու համար հարցումը, Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համապատասխան դրույթներով նախատեսված տեղեկատվությունից բացի, պետք է ներառի նաև խմբի կազմման վերաբերյալ առաջարկություններ։
3. Խումբը ստեղծող Կողմերի տարածքում համատեղ հետաքննության խումբը պետք է գործի հետևյալ հիմնական պայմաններով.
ա) խմբի ղեկավարը պետք է լինի քրեական հետաքննությանը մասնակցող այն Կողմի իրավասու մարմնի ներկայացուցիչ, որտեղ գործում է խումբը: Խմբի ղեկավարը պետք է գործի իր իրավասության սահմաններում՝ ազգային օրենքին համապատասխան.
բ) խումբը պետք է իր գործողություններն իրականացնի այն Կողմի օրենքին համապատասխան, որտեղ գործում է։ Խմբի անդամները և աջակցող անդամները իրենց առաջադրանքները պետք է իրականացնեն «ա» ենթակետում նշված անձի ղեկավարության տակ՝ հաշվի առնելով իրենց իրավասու մարմինների կողմից խմբի ստեղծման մասին համաձայնագրով սահմանված պայմանները.
գ) Կողմը, որտեղ գործում է խումբը, պետք է ձեռնարկի դրա համար անհրաժեշտ կազմակերպչական միջոցներ։
4. Սույն հոդվածում համատեղ հետաքննության խմբի անդամները, որոնք այն Կողմի կողմից են, որտեղ գործում է խումբը, անվանվում են «անդամներ», իսկ այն անդամները, որոնք այլ Կողմերի կողմից են, քան այն Կողմը, որտեղ գործում է խումբը, անվանվում են «աջակցող անդամներ»։
5. Համատեղ հետաքննության խմբի աջակցող անդամները պետք է իրավասու լինեն ներկա գտնվելու այն Կողմի տարածքում, որտեղ իրականացվում են քննչական միջոցառումները։ Այնուամենայնիվ, հատուկ նպատակներից ելնելով, խմբի ղեկավարը կարող է որոշել այլ կերպ՝ այն Կողմի օրենքին համապատասխան, որտեղ գործում է խումբը։
6. Այն Կողմի օրենքին համապատասխան, որտեղ գործում է խումբը, խմբի ղեկավարը համատեղ հետաքննության խմբի աջակցող անդամներին կարող է վստահել որոշակի քննչական միջոցառումներ կատարելու առաջադրանք, եթե այն հաստատվել է գործողությանը մասնակցող Կողմի և աջակցող Կողմի իրավասու մարմինների կողմից։
7. Եթե համատեղ հետաքննության խմբին անրաժեշտ է քննչական միջոցառումներ կատարել խումբը ստեղծող Կողմերից մեկում, ապա այն անդամները, որոնք խմբում աջակցող են նշանակվել տվյալ Կողմի կողմից, իրենց իրավասու մարմիններից կարող են խնդրել ձեռնարկել նշված միջոցառումները։ Նշված միջոցառումները տվյալ Կողմում պետք է դիտարկվեն այն պայմանների ներքո, որոնք կկիրառվեին, եթե դրանք պահանջվեին ներպետական քննության համար։
8. Եթե համատեղ հետաքննության խումբն օգնության կարիք ունի այն Կողմից, որն այլ է, քան խումբն ստեղծողները, կամ երրորդ պետությունից, օգնության հարցումը կարող է արվել այն պետության, որի տարածքում իրականացվում է գործողությունը, իրավասու մարմինների կողմից շահագրգիռ այլ պետության իրավասու մարմիններին՝ համապատասխան փաստաթղթերի և պայմանավորվածությունների համաձայն։
9. Համատեղ հետաքննության խմբի աջակցող անդամը կարող է, իր ազգային օրենքին համապատասխան և իր իրավասության սահմաններում, խմբին տրամադրել տեղեկատվություն, որը մատչելի է այն Կողմում, որն իրեն աջակցող անդամ է նշանակել խմբի կողմից իրականացվող քրեական հետաքննության նպատակով։
10. Համատեղ հետաքննության խմբի անդամի կամ աջակցող անդամի կողմից օրինական ճանապարհով ձեռք բերված տեղեկատվությունը, որն այլ կերպ մատչելի չէ շահագրգիռ Կողմի իրավասու մարմինների համար, կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով.
ա) այն նպատակներով, որի համար ստեղծվել է խումբը.
բ) այն Կողմի նախնական համաձայնությամբ, որտեղ տեղեկատվությունը մատչելի է դարձել այլ քրեական հանցագործությունների բացահայտման, հետաքննության և դատական կարգով հետապնդման համար։ Այդպիսի համաձայնությունը կարող է մերժվել միայն այն դեպքերում, երբ նման օգտագործումը կարող է վնաս հասցնել շահագրգիռ Կողմում քրեական հետաքննությանը, կամ որի առնչությամբ այդ Կողմը կարող է մերժել փոխադարձ օգնությունը.
գ) հասարակության անվտանգությանն սպառնացող անմիջական և լուրջ վտանգը կանխարգելելու համար և առանց խախտելու «բ» ենթակետը, եթե հետագայում սկսվել է քրեական հետաքննություն.
դ) այլ նպատակներով՝ այնքանով, որքանով համաձայնեցվել է խումբը ստեղծած Կողմերի միջև։
11. Սույն հոդվածը չպետք է վնաս հասցնի համատեղ քննության խմբերի ստեղծման կամ գործունեության մասին` գործող որևէ այլ դրույթի կամ պայմանավորվածության։
12. Այնքանով, որքանով թույլատրելի է շահագրգիռ Կողմերի օրենքներով կամ նրանց միջև կիրառելի որևէ իրավական փաստաթղթի դրույթներով, կարող են ձեռք բերվել խմբի գործառույթներին մասնակցելու վերաբերյալ պայմանավորվածություններ այն անձանց համար, որոնք չեն հանդիսանում համատեղ հետաքննության խումբն ստեղծող Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ։ Սույն հոդվածի հիման վրա խմբի անդամներին կամ աջակցող անդամներին վերապահված իրավունքները նշված անձանց նկատմամբ չպետք է կիրառվեն, քանի դեռ համաձայնագիրը որոշակիորեն այլ բան չի նախատեսում։