Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

Հարցաքննություն տեսակոնֆերանսի միջոցով

1. Եթե անձը գտնվում է Կողմերից մեկի տարածքում և որպես վկա կամ փորձագետ պետք է հարցաքննվի մյուս Կողմի դատական մարմինների կողմից, վերջինս կարող է, եթե այդ անձի համար ցանկալի կամ հնարավոր չէ նրա տարածքում հարցաքննությանը անձամբ ներկա գտնվելը, խնդրել, որ հարցաքննությունը կատարվի տեսակոնֆերանսի միջոցով, ինչպես նախատեսված է 2-7-րդ կետերով։

2. Հայցվող Կողմը պետք է համաձայնի տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննությանը` պայմանով, որ տեսակոնֆերանսի կիրառումը չի հակասում իր օրենքի հիմնարար սկզբունքներին, և որ ինքը հարցաքննությունն անցկացնելու համար տեխնիկական միջոցներ ունի։ Եթե հայցվող Կողմի համար մատչելի չեն տեսակոնֆերանսի համար նախատեսված տեխնիկական միջոցները, ապա, փոխադարձ համաձայնությամբ, հայցող Կողմը կարող է ապահովել այդպիսի միջոցները։

3. Կոնվենցիայի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվության հետ միասին տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննության համար հարցումները պետք է պարունակեն նաև այն պատճառները, թե ինչո՛ւ ցանկալի կամ հնարավոր չէ, որ վկան կամ փորձագետը անձամբ ներկայանա, այն դատական մարմնի և անձանց անունները, որոնք անցկացնելու են հարցաքննությունը։

4. Հայցվող Կողմի դատական մարմինը պետք է հարցաքննվող անձին կանչի դատարան իր օրենքով ամրագրված ձևով։

5. Տեսակոնֆերանսի միջոցով հարցաքննության նկատմամբ պետք է կիրառվեն հետևյալ կանոնները.

ա) հայցվող Կողմի դատական մարմինը պետք է ներկա գտնվի հարցաքննության ընթացքում, անհրաժեշտության դեպքում նրան պետք է օգնություն ցուցաբերի թարգմանիչը, և պետք է պատասխանատու լինի հարցաքննվող անձի ինքնության հաստատումը և հայցվող Կողմի օրենքի հիմնարար սկզբունքների պահպանումն ապահովելու համար։ Եթե հայցվող Կողմի դատական մարմինը կարծում է, որ հարցաքննության ընթացքում խախտվում են հայցվող Կողմի օրենքի հիմնարար սկզբունքները, ապա նա պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ ապահովելու համար, որ հարցաքննությունն անցկացվի նշված սկզբունքներին համապատասխան.

բ) անհրաժեշտության դեպքում հարցաքննվող անձի պաշտպանության միջոցները պետք է համաձայնեցվեն հայցող և հայցվող Կողմերի իրավասու մարմինների միջև.

գ) հարցաքննությունը պետք է անցկացվի անմիջականորեն հայցող Կողմի դատական մարմնի կողմից կամ նրա ղեկավարության ներքո՝ նրա օրենքներին համապատասխան.

դ) հայցող Կողմի կամ հարցաքննվող անձի հարցմամբ հայցվող Կողմը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում հարցաքննվող անձը ստանա թարգմանչի օգնություն.

ե) հարցաքննվող անձը կարող է հայցել ցուցմունք չտալու իրավունք, որը նրան տրամադրվում է կա՛մ հայցող, կա՛մ հայցվող Կողմի օրենքով։

6. Առանց վնաս հասցնելու անձանց պաշտպանության համար համաձայնեցված որևէ միջոցի` հայցվող Կողմի դատական մարմինը պետք է հարցաքննության ավարտից հետո կազմի արձանագրություն, որտեղ նշված կլինեն հարցաքննության ժամանակը և վայրը, հարցաքննվող անձի ինքնությունը, հայցվող Կողմում հարցաքննությանը մասնակցած բոլոր այլ անձանց ինքնությունն ու գործառույթները, տրված որևէ երդում և տեխնիկական այն պայմանները, որոնց համաձայն անցկացվել է հարցաքննությունը։ Փաստաթուղթը պետք է հայցվող Կողմի իրավասու մարմնի կողմից փոխանցվի հայցող Կողմի իրավասու մարմնին։

7. Յուրաքանչյուր Կողմ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ` ապահովելու համար, որ, եթե սույն հոդվածին համապատասխան՝ վկաները կամ փորձագետները հարցաքննվեն իր տարածքում և, պարտավորված լինելով ցուցմունք տալ, հրաժարվեն ցուցմունք տալուց կամ ճիշտ ցուցմունք չտան, իր ազգային օրենքը կիրառվի այնպես, ինչպես կկիրառվեր, եթե հարցաքննությունն անցկացվեր իր ազգային ընթացակարգով։

8. Կողմերը, իրենց հայեցողությամբ, հնարավորության դեպքում և իրենց իրավասու դատական մարմինների համաձայնությամբ, կարող են սույն հոդվածի դրույթները կիրառել նաև մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցությամբ տեսակոնֆերանսի միջոցով անցկացվող հարցաքննությունների նկատմամբ։ Այս դեպքում տեսակոնֆերանսի անցկացման և այն անցկացնելու եղանակի մասին որոշումը, որով պետք է անցկացվի տեսակոնֆերանսը, պետք է համաձայնեցվի շահագրգիռ Կողմերի կողմից՝ նրանց ազգային օրենքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի համաձայն։ Մեղադրյալի կամ կասկածյալի հարցաքննությունը պետք է անցկացվի միայն նրա համաձայնությամբ։

9. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ հայտարարել, որ ինքը կարող է չօգտվել վերոնշյալ 8-րդ կետում նախատեսված՝ մեղադրյալի կամ կասկածյալի մասնակցությամբ տեսակոնֆերանսով անցկացվող հարցաքննության նկատմամբ նաև սույն հոդվածի դրույթները կիրառելու հնարավորությունից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։