Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Ներուժի ստեղծում, հանրության ուսուցում և տեղեկացում

1. Կողմերն ընդունում են համապատասխան ներուժի, այսինքն` հաստատությունների ստեղծման, կադրերի պատրաստման և տեղերում համապատասխան հնարավորությունների զարգացման կարևորությունը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերի շրջանակներում: Կողմերը պատշաճ կերպով նպաստում են ներուժի ստեղծմանը.

ա/ հասարակական և տեղական կազմակերպությունների հետ համագործակցությանը բոլոր մակարդակների վրա, մասնավորապես` տեղական մակարդակի վրա տեղական բնակչության, հատկապես` կանանց և երիտասարդության մասնակցության ապահովման միջոցով,

բ/ անապատացման և երաշտի դեմ պայքարի ոլորտում ազգային գիտատեխնիկական ներուժի հզորացման միջոցով,

գ/ համապատասխան տեխնոլոգիական մեթոդների և միջոցների ավելի արդյունավետ տարածումն ապահովելու նպատակով օժանդակ ծառայությունների և գիտելիքների ու փորձի տարածման ծառայությունների ստեղծման և/կամ դրանց կարողությունների հզորացման միջոցով, ինչպես նաև տեղերում բնակչության մասնակցությամբ բնական պաշարների պաշտպանության և ռացիոնալ շահագործման մոտեցումներն առնչվող հարցերով աշխատակիցների և գյուղական կազմակերպությունների անդամների ուսուցման միջոցով,

դ/ տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակներում տեղական բնակչության գիտելիքների, «նոու-հաուի», փորձի և պրակտիկայի կիրառմանն ու տարածմանը նպաստելու միջոցով,

ե/ անհրաժեշտության դեպքում, գյուղատնտեսության և անասնապահության վարման էկոլոգիապես ընդունելի համապատասխան տեխնոլոգիաները և ավանդական մեթոդները առկա սոցիալ-տնտեսական պայմաններին հարմարեցնելու միջոցով,

զ/ փայտի, որպես վառելիք, օգտագործումից կախվածությունը նվազեցնելու նպատակով էներգիայի այլընտրանքային աղբյուրների, հատկապես` վերականգնվող աղբյուրների օգտագործման հետ կապված` համապատասխան կադրերի ուսուցման և համապատասխան տեխնոլոգիաների տրամադրման միջոցով,

է/ 16-րդ հոդվածի դրույթներին համապատասխան տեղեկատվության հավաքման, վերլուծության և փոխանակման ծրագրեր մշակելու և իրագործելու Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների կարողությունները հզորացնելու նպատակով փոխադարձ համաձայնության հիմունքներով իրականացվող համագործակցության միջոցով,

ը/ ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների նորարար զարգացման միջոցով` ներառյալ ուսուցումը նոր հմտությունների ձեռքբերման ոլորտում,

թ/ անհրաժեշտ ղեկավար անձնակազմի և կառավարիչների, ինչպես նաև տվյալների հավաքման և վերլուծության, երաշտի պայմանների մասին վաղ ազդարարմանն առնչվող տեղեկատվության տարածման և օգտագործման և պարենի արտադրության համար պատասխանատու անձնակազմի ուսուցման միջոցով,

ժ/ գործող ազգային հաստատությունների և իրավական դաշտի ավելի արդյունավետ օգտագործման և, անհրաժեշտության դեպքում, նոր հաստատությունների և իրավական դաշտի ստեղծման միջոցով` ռազմավարական պլանավորման և կառավարման մեխանիզմների հզորացման հետ միասին,

ժա/ ուսուցման և ուսումնասիրության երկարաժամկետ ու ինտերակտիվ գործընթացի օգնությամբ Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների ներուժի ամրապնդման նպատակով ծանոթացնող բնույթի փոխադարձ այցերի միջոցով:

2. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները, այլ Կողմերի և իրավասու միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, պատշաճ կերպով ազգային և տեղական մակարդակների վրա անցկացնում են առկա ներուժի և միջոցների, ինչպես նաև դրանց ամրապնդման և հզորացման հնարավորությունների միջդիսցիպլինար ուսումնասիրություն:

3. Կողմերը միմյանց միջև համագործակցում են ուղղակիորեն կամ իրավասու միջկառավարական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ ինչպես Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, ազդեցության չենթարկված պետություններում բնակչության տեղեկացման և գիտելիքների տարածման ծրագրերի իրականացման և դրանց օժանդակելու գործում` անապատացման և երաշտի պատճառների և հետևանքների ավելի խոր իմացությունն ապահովելու և սույն Կոնվենցիայի նպատակների իրականացման կարևորությունն ավելի լավ գիտակցելու նպատակով: Այդ նպատակով Կողմերը.

ա/ կազմակերպում են հանրության լայն զանգվածներին ուղղված տեղեկատվական արշավներ,

բ/ մշտական հիմունքներով նպաստում են հանրության համար համապատասխան տեղեկատվության մատչելիության ապահովմանը, ինչպես նաև հանրության ակտիվ մասնակցությանը ուսուցման և գիտելիքների տարածման գործունեության մեջ,

գ/ խրախուսում են հանրության տեղեկացվածության ապահովմամբ զբաղվող ընկերակցությունների ստեղծումը,

դ/ մշակում են կրթական և տեղեկատվական նյութեր, հնարավորության դեպքում` տեղական լեզուներով և կատարում են այդ նյութերի փոխանակում, կատարում են փորձագետների փոխանակում և փորձագետներ են գործուղում Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններ՝ համապատասխան կրթական և գիտությունների տարածման ծրագրերի իրականացման գծով կադրերի վերապատրաստման նպատակով և լիարժեք կերպով օգտվում են իրավասու միջազգային մարմինների մոտ առկա համապատասխան կրթական նյութերից,

ե/ կատարում են ազդեցության ենթարկված շրջաններում կրթական կարիքների գնահատում, մշակում են համապատասխան դպրոցական ուսումնական պլաններ և, անհրաժեշտության սահմաններում, ընդլայնում են մեծահասակների համար կրթական ծրագրերը և, մասնավորապես, աղջիկների և կանանց հնարավորությունները բնական պաշարների բնորոշման, պահպանման, կայուն շահագործման, ինչպես նաև ազդեցության ենթարկված շրջաններում դրանց կառավարման գծով, և

զ/ մշակում են միջդիսցիպլինար ծրագրեր, որոնք նախատեսում են բնակչության մասնակցություն և որտեղ անապատացման և երաշտի հետ կապված հիմնախնդիրների հետ ծանոթացման հարցերը ներառված են կրթական համակարգերի մեջ, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության ծրագրեր, կրթական ծրագրեր մեծահասակների համար և հեռակա ու գործնական ուսուցման ծրագրեր:

4. Կողմերի խորհրդաժողովը հիմնադրում և/կամ հզորացնում է անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման համար ուսուցման և կադրերի վերապատրաստման տարածաշրջանային կենտրոնների ցանցեր: Այդ ցանցերի գործունեությունը համադրվում է հատուկ դրա համար ստեղծված և համապատասխան լիազորություններով օժտված հաստատության կողմից` համապատասխան գիտական, տեխնիկական և ղեկավար անձնակազմի ուսուցման և, եթե անհրաժեշտ է, Կոնվենցիայի կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում կադրերի ուսուցման և վերապատրաստման համար պատասխանատու հաստատությունների հզորացման համար` դրանց միջև ծրագրերի համաձայնեցման և փորձի փոխանակման կազմակերպման նպատակով: Այդ ցանցերը սերտորեն համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ` ջանքերի հնարավոր կրկնօրինակումը բացառելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։