Հոդված 24
Հոդված 24
Գիտության և տեխնիկայի կոմիտե
1. Սույնով հիմնադրվում է գիտության և տեխնիկայի կոմիտեն, որը հանդես է գալիս որպես Կողմերի խորհրդաժողովի օժանդակ մարմին և վերջինիս տրամադրում է տեղեկություններ և խորհրդատվություն անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացմանն առնչվող գիտատեխնիկական հարցերի վերաբերյալ: Կոմիտեի նիստերն անցկացվում են Կողմերի խորհրդաժողովի հերթական նիստերի հետ միաժամանակ, կրում են բազմակողմանի բնույթ և բաց են բոլոր Կողմերի մասնակցության համար: Կոմիտեի կազմն ընդգրկում է գիտության համապատասխան բնագավառներում իրավասու կառավարությունների ներկայացուցիչները: Իր առաջին նիստին Կողմերի խորհրդաժողովը որոշում է ընդունում Կոմիտեի իրավասության շրջանակների մասին:
2. Կողմերի խորհրդաժողովը, համապատասխան բնագավառներում, կազմում և վարում է փորձով և գիտելիքներով օժտված անկախ փորձագետների ցանկը: Այդ ցանկը կազմվում է փորձագետների նշանակման մասին Կողմերի միջնորդագրերի հիման վրա` հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման և լայն աշխարհագրական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
3. Կողմերի խորհրդաժողովը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել հատուկ հանձնախմբեր Կոմիտեի միջոցով իրեն առանձին հարցերի շուրջ տեղեկատվության և խորհրդատվության տրամադրման համար, որոնք վերաբերում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ոլորտում գիտատեխնիկական գիտելիքների առկա դրությանը: Այդ հանձնախմբերի կազմում ընդգրկվում են առանձին փորձագետներ, որոնց ազգանունները ներառված են վերը նշված ցանկում` հաշվի առնելով բազմակողմանի մոտեցման և լայն աշխարհագրական ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը: Փորձագետները պետք է օժտված լինեն տեղերում աշխատանքների իրականացման տեսական և գործնական փորձով և նշանակվեն Կողմերի խորհրդաժողովի կողմից` Կոմիտեի միջնորդությամբ: Հանձնախմբերի իրավասությունների շրջանակի և գործունեության առանձնահատկությունների մասին որոշումներն ընդունում է Կողմերի խորհրդաժողովը: