Հոդված 22
Հոդված 22
Կողմերի խորհրդաժողովը
1. Սույնով հիմնադրվում է Կողմերի խորհրդաժողովը:
2. Կողմերի խորհրդաժողովը սույն Կոնվենցիայի գերագույն մարմինն է հանդիսանում: Այն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ որոշումներ: Այն, մասնավորապես.
ա/ պարբերաբար անցկացնում է Կոնվենցիայի իրագործման և դրա ինստիտուցիոնալ պայմանավորվածությունների կատարման ուսումնասիրություններ` ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մակարդակների վրա կուտակված փորձի լույսի ներքո և հիմք ընդունելով գիտատեխնիկական գիտելիքների զարգացումը,
բ/ օժանդակում է Կողմերի ձեռնարկվող միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը և հեշտացնում է այն, 26-րդ հոդվածին համապատասխան սահմանում է տեղեկատվության տրամադրման եղանակը և ժամանակացույցը, քննարկում է զեկույցները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերաբերյալ,
գ/ ստեղծում է այնպիսի մարմիններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Կոնվենցիայի իրագործման համար,
դ/ քննարկում է օժանդակ մարմինների կողմից ներկայացված զեկույցները և իրականացնում է դրանց գործունեության ղեկավարումը,
ե/ հաստատում և փոխհամաձայնությամբ ընդունում է իր և իր օժանդակ մարմինների ընթացակարգային և ֆինանսական կանոնները,
զ/ 30-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան ընդունում է սույն Կոնվենցիայում կատարվող փոփոխությունները,
է/ հաստատում է իր և իր օժանդակ մարմինների գործունեության ծրագիրն ու բյուջեն և պլանավորում է այդ ծրագրի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցառումները,
ը/ անհրաժեշտության դեպքում, խնդրում է ազգային, միջազգային, միջկառավարական և հասարակական բնույթ կրող իրավասու կազմակերպությունների և հաստատությունների աջակցությունը և օգտվում է վերջիններիս կողմից տրամադրված ծառայություններից և տեղեկատվությունից,
թ/ խրախուսում և ամրապնդում է այլ համապատասխան կոնվենցիաների հետ գոյություն ունեցող կապերը` միջոցառումների կրկնօրինակումները բացառելու նպատակով,
ժ/ կատարում է նաև գործառույթներ, որոնք կարող են անհրաժեշտ համարվել Կոնվենցիայի նպատակների իրականացման համար:
3. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին, փոխհամաձայնության հիմունքներով, ընդունում է իր սեփական ընթացակարգային կանոնները, որոնք իրենց մեջ ներառում են սույն Կոնվենցիայով նախատեսված որոշումների ընդունման ընթացակարգերի մեջ չընդգրկված հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու ընթացակարգեր: Այդպիսի ընթացակարգերը կարող են սահմանել, թե ձայների ինչպիսի մեծամասնություն է հարկավոր կոնկրետ որոշումների ընդունման համար:
4. Կողմերի խորհրդաժողովի առաջին նիստը գումարվում է ժամանակավոր քարտուղարության կողմից, որը հիշատակվում է 36-րդ հոդվածում, և անցկացվում է ոչ ուշ, քան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո: Երկրորդ, երրորդ և չորրորդ հերթական նիստերն անցկացվում են յուրաքանչյուր տարի, իսկ հետագայում` երկու տարին մեկ անգամ, եթե Կողմերի խորհրդաժողովն այլ կերպ չսահմանի:
5. Կողմերի խորհրդաժողովի արտահերթ նիստերը գումարվում են այնպիսի ժամկետներում, որոնց մասին որոշումը Կողմերի խորհրդաժողովը կարող է ընդունել իր հերթական նիստին, կամ էլ Կողմերից որևէ մեկի դիմումի հիման վրա` պայմանով, որ մշտական Քարտուղարության կողմից այդ դիմումի մասին Կողմերին ծանուցելու պահից երեք ամսվա ընթացքում դրան հավանություն կտա Կողմերի ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը:
6. Կողմերի խորհրդաժողովն իր յուրաքանչյուր հերթական նիստին ընտրում է իր Նախագահությունը: Նախագահության կառուցվածքը և պարտականությունները սահմանվում են ընթացակարգային կանոններով: Նախագահությունն ընտրելիս, պատշաճ կերպով հաշվի է առնվում անապատացումից և/կամ երաշտից տուժող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների արդարացի աշխարհագրական բաշխման և ներկայացուցչության ապահովման անհրաժեշտությունը:
7. Միավորված ազգերի կազմակերպությունը, դրա մասնագիտացված կազմակերպությունները, ինչպես նաև այդ կազմակերպությունների անդամ հանդիսացող կամ դրանցում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունները, որոնք սույն Կոնվենցիայի Կողմեր չեն հանդիսանում, Կողմերի խորհրդաժողովներին կարող են ներկայացված լինել որպես դիտորդներ: Ցանկացած մարմին կամ հաստատություն` լինի դա ազգային, միջազգային, կառավարական կամ հասարակական, որի իրավասություններն ընդգրկում է սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներին առնչվող հարցերը և որը մշտական Քարտուղարությանը հայտնել է Կողմերի խորհրդաժողովին դիտորդի կարգավիճակում ներկայացված լինելու ցանկության մասին, կարող է մասնակցել դրան` պայմանով, որ դրա դեմ չի առարկում Կողմերի առնվազն մեկ երրորդը: Դիտորդների ընդունումը և մասնակցությունը կատարվում են ըստ Կողմերի խորհրդաժողովի կողմից սահմանված ընթացակարգային կանոնների:
8. Կողմերի խորհրդաժողովը կարող է դիմում ներկայացնել համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավասու ազգային կամ միջազգային կազմակերպություններին` խնդրելով իրեն տրամադրել տեղեկություններ 16-րդ հոդվածի «է» կետի, 17-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի և 18-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերաբերյալ: