Հոդված 4
Հոդված 4
Ընդհանուր պարտավորություններ
1. Կողմերը կատարում են սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները` անհատականորեն կամ համատեղ, գործող կամ ապագա երկկողմ և բազմակողմ պայմանավորվածությունների կամ դրանց համակցությունների շրջանակներում` կախված հանգամանքներից և հատուկ ուշադրություն դարձնելով բոլոր մակարդակների վրա երկարաժամկետ համաձայնեցված ռազմավարության մշակման համար ջանքերի համադրման անհրաժեշտության վրա:
2. Ձգտելով սույն Կոնվենցիայի նպատակների իրականացմանը, Կողմերը.
ա/ համալիր մոտեցում են ընդունում անապատացման և երաշտի ֆիզիկական, կենսաբանական և սոցիալ-տնտեսական ասպեկտների նկատմամբ,
բ/ համապատասխան միջազգային և տարածաշրջանային մարմինների շրջանակներում պատշաճ ուշադրություն են դարձնում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների դրությանն այն ամենում, ինչ վերաբերում է միջազգային առևտրին, մարկետինգի և պարտքերի մասին համաձայնագրերին` կայուն զարգացման նպատակների իրագործմանը նպաստող բարենպաստ միջազգային տնտեսական մթնոլորտի ձևավորման նպատակով,
գ/ աղքատության արմատապես վերացմանն ուղղված ռազմավարություններն ինտեգրացվում են անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման ջանքերի մեջ,
դ/ նպաստում են Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների միջև համագործակցությանը շրջակա միջավայրի պաշտպանության և հողային ու ջրային ռեսուրսների պահպանության ոլորտներում, քանի որ այդ համագործակցությունը նպաստում է անապատացման և երաշտի դեմ պայքարին,
ե/ ամրապնդում են ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը,
զ/ համագործակցում են համապատասխան միջկառավարական կազմակերպությունների հետ,
է/ պատշաճ կերպով սահմանում են կազմակերպական մեխանիզմները` հաշվի առնելով կրկնօրինակություններից խուսափելու անհրաժեշտությունը,
ը/ նպաստում են գործող երկկողմ և բազմակողմ ֆինանսական մեխանիզմների ու պայմանավորվածությունների կիրառմանը, որոնք մոբիլիզացնում են խոշոր ֆինանսական միջոցներ և դրանք ուղղում Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների նվազեցման միջոցառումների իրականացման համար:
3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունները իրավունք ունեն աջակցություն ստանալ Կոնվենցիայի իրագործման համար: