Հոդված 16
Հոդված 16
Տեղեկությունների հավաքում, վերլուծություն և փոխանակում
Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կողմերը համաձայնում են համալիր կերպով իրականացնել և համադրել համապատասխան կարճաժամկետ կամ երկարաժամկետ տվյալների և տեղեկությունների հավաքումն ու վերլուծությունը, ինչպես նաև դրանց փոխանակումը` տուժած շրջաններում հողերի դեգրադացիայի համակարգված դիտարկումների անցկացման և երաշտի ու անապատացման գործընթացների և դրանց հետևանքների ավելի խորը ըմբռնման և վերլուծության նպատակով: Դրա շնորհիվ, մասնավորապես, կապահովվի անբարենպաստ կլիմայական փոփոխությունների ժամանակահատվածների մասին վաղ ազդարարումը և այդ ժամանակահատվածների համար միջոցառումների նախապես պլանավորումը, որը կիրականացվի այնպես, ինչպես առավել հարմար կլինի օգտագործողների, մասնավորապես` տեղական բնակչության կողմից բոլոր մակարդակների վրա կիրառելու համար: Դրա համար Կողմերը պատշաճ ձևով.
ա/ օժանդակում և ամրապնդում են տեղեկությունների հավաքմամբ, փոխանակմամբ և վերլուծությամբ, ինչպես նաև բոլոր մակարդակների վրա համակարգված դիտարկումներով զբաղվող այն հաստատությունների և ծառայությունների համաշխարհային ցանցի աշխատանքը, որոնք, մասնավորապես.
i) ձգտում են կիրառել համատեղելի չափանիշներ և համակարգեր,
ii) ընդգրկում են համապատասխան տվյալներ և կայաններ, այդ թվում` հեռավոր շրջաններում,
iii) օգտագործում և տարածում են հողերի դեգրադացիայի մասին տվյալների հավաքման, հաղորդման և գնահատման ժամանակակից տեխնոլոգիաներ,
iv) ավելի սերտ հարաբերություններ են հաստատում տվյալների և տեղեկությունների մշակման ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային կենտրոնների և տեղեկությունների համաշխարհային աղբյուրների միջև,
բ/ ապահովում են, որ տեղեկությունների հավաքումը, վերլուծությունը և փոխանակումը համապատասխանեն տեղական համայնքների և ղեկավար մարմինների կարիքներին կոնկրետ խնդիրների լուծման նպատակով, և որ տեղական համայնքները մասնակցեն այդ գործունեությանը,
գ/ օժանդակում են երկկողմ և բազմակողմ այն ծրագրերի և նախագծերի մշակմանը և հետագա զարգացմանը, որոնք ուղղված են տվյալների և տեղեկությունների հավաքման ու վերլուծության անհրաժեշտության որոշմանը, անցկացմանը, գնահատմանը և ֆինանսավորմանը և այդ տեղեկությունների փոխանակմանը` ներառյալ, այդ թվում, ֆիզիկական, կենսաբանական, սոցիալական և տնտեսական ցուցանիշների խմբերը,
դ/ լիարժեքորեն օգտագործում են միջկառավարական և հասարակական իրավասու կազմակերպությունների հատուկ գիտելիքները և փորձը` հատկապես` տարբեր շրջաններում օգտագործողների խմբերի միջև համապատասխան տեղեկությունների և փորձի տարածման նպատակով,
ե/ պատշաճ ուշադրություն են դարձնում սոցիալ-տնտեսական տվյալների հավաքմանն ու վերլուծությանը, ինչպես նաև դրանց փոխկապակցվածությանը ֆիզիկական և կենսաբանական տվյալների հետ,
զ/ կատարում են տեղեկությունների փոխանակում և ապահովում անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման վերաբերյալ տեղեկությունների բաց և օպերատիվ ստացումը բոլոր հանրամատչելի աղբյուրներից, և
է/ հաշվի առնելով համապատասխան ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, կատարում են տեղեկությունների փոխանակում տեղական բնակչության գիտելիքների մասին, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ` ապահովելով այդ գիտելիքների պատշաճ պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկելով, որպեսզի տեղական բնակչությունը կարողանա արդարացի հիմունքներով և փոխհամաձայնեցված պայմաններով քաղել այդ գիտելիքների շնորհիվ ստացվող օգուտները: