Հոդված 17
Հոդված 17
Հետազոտություններ և մշակումներ
1. Հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորությունները, Կողմերը պարտավորվում են օժանդակել գիտատեխնիկական համագործակցությանը անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման ոլորտում համապատասխան ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային մարմինների միջոցով: Դրա համար Կողմերն օժանդակում են հետազոտական գործունեությանը, որը.
ա/ նպաստում է անապատացման և երաշտի առաջացմանը տանող գործընթացների, ինչպես նաև բնական ու մարդկային պատճառական գործոնների դերի մասին գիտելիքների ընդլայնմանը` անապատացման դեմ պայքարի և երաշտի հետևանքների վերացման, ինչպես նաև պաշարների ռացիոնալ օգտագործման և կառավարման նպատակով,
բ/ ունի հստակ սահմանված նպատակներ, համապատասխանում է տեղական բնակչության կոնկրետ կարիքներին և տանում է դեպի այնպիսի որոշումների մշակումն ու կատարումը, որոնք թույլ են տալիս բարձրացնել տուժած շրջանների կենսամակարդակը,
գ/ պաշտպանում, ընդհանրացնում, խորացնում և հաստատում է ավանդական և տեղական գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան` ապահովելով, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, որ այդ գիտելիքները կրողները արդարացի հիմունքներով և փոխհամաձայնեցված պայմանների համաձայն քաղեն այդ գիտելիքների ցանկացած տեսակի առևտրային օգտագործումից կամ իրենց շնորհիվ հնարավոր դարձած տեխնիկական ձեռքբերումներից առաջացած օգուտները,
դ/ զարգացնում և ամրապնդում է ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային հետազոտական բազան Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետություններում, հատկապես` Աֆրիկայում, ներառյալ հմտությունների կատարելագործումը տեղերում և համապատասխան հնարավորությունների ընդլայնումը հատկապես այն երկրներում, որտեղ հետազոտական բազան շատ թույլ է զարգացած, միաժամանակ հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության մասնակցությամբ իրականացվող բազմադիսցիպլինար և սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող հետազոտությունների վրա,
ե/ հաշվի է առնում, որտեղ անհրաժեշտ է, աղքատության, էկոլոգիական գործոնների ազդեցության արդյունքում առաջացած միգրացիայի և անապատացման միջև փոխկապակցվածությունը,
զ/ խրախուսում է ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային հետազոտական կազմակերպությունների միջև համատեղ հետազոտական ծրագրերի իրականացումն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում` ավելի կատարելագործված, տնտեսապես արդարացված և մատչելի տեխնոլոգիաների զարգացման նպատակով, ինչն ուղղված է տեղական բնակչության և համայնքների ակտիվ մասնակցության վրա հիմնված կայուն առաջընթացի ապահովմանը,
է/ նպաստում է ազդեցության ենթարկված շրջաններում ջրային պաշարների ծավալի մեծացմանը, այդ թվում` ամպերի վրա քիմիական ներգործության մեթոդների կիրառման միջոցով:
2. Կոնկրետ տարածաշրջանների և ենթատարածաշրջանների համար մշակված հետազոտությունների ծրագրերի առաջնահերթ ուղղությունները, որոնք հաշվի են առնում տեղական պայմանների առանձնահատկությունները, պետք է ներառվեն միջոցառումների ծրագրերի մեջ: Կողմերի Խորհրդաժողովը Գիտության և տեխնիկայի կոմիտեի առաջարկությամբ պարբերաբար անցկացնում է հետազոտությունների առաջնահերթ ուղղությունների ուսումնասիրում և վերանայում: