Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Տեխնոլոգիայի փոխանցում, ձեռքբերում, հարմարեցում և զարգացում

1. Փոխադարձ համաձայնեցված պայմաններով և իրենց ազգային օրենսդրությանը և/կամ քաղաքականությանը համապատասխան, Կողմերը պարտավորվում են խրախուսել, ֆինանսավորել և/կամ հեշտացնել էկոլոգիապես մաքուր, տնտեսապես ապահով և սոցիալապես ընդունելի տեխնոլոգիաների փոխանցման, ձեռքբերման, հարմարեցման և զարգացման ֆինանսավորումը, որոնք կարող են կիրառվել անապատացման դեմ պայքարի և/կամ երաշտի հետևանքների վերացման համար ազդեցության ենթարկված շրջաններում կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացին նպաստելու նպատակով: Այդպիսի համագործակցությունն իրականացվում է երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով` կախված հանգամանքներից` միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հատուկ գիտելիքների լիարժեք կիրառմամբ: Կողմերը մասնավորապես.

ա/ լիովին չափով օգտագործում են համապատասխան ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և միջազգային գործող տեղեկատվական համակարգերը և համադրող տեղեկատվական մեխանիզմները առկա տեխնոլոգիաների և աղբյուրների, դրանց շահագործման հետ կապված շրջակա միջավայրին սպառնացող վտանգների և դրանց ձեռքբերման հիմնական պայմանների մասին տեղեկության տարածման նպատակներով,

բ/ հեշտացնում են, հատկապես Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված պետությունների համար և նպաստավոր, այդ թվում` արտոնյալ պայմաններով, փոխադարձ համաձայնությամբ և հաշվի առնելով մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, այն տեխնոլոգիաների մատչելիությունը, որոնք առավել հարմար են գործնական կիրառման համար տեղական բնակչության հատուկ կարիքների բավարարման նպատակով` առաջնահերթ ուշադրություն դարձնելով այդ տեխնոլոգիաների սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական ներգործության առանձնահատկություններին,

գ/ նպաստում են տուժած Կողմերի միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը ֆինանսական և այլ տեսակի աջակցության ցուցաբերման միջոցով,

դ/ ընդլայնում են տեխնիկական համագործակցությունը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող տուժած զարգացող պետությունների հետ` նպատակահարմարության դեպքում ստեղծելով համատեղ ձեռնարկություններ հատկապես այն բնագավառներում, որոնց զարգացումը կարող է նպաստել ապրուստի միջոցների այլընտրանքային աղբյուրների ձևավորմանը, և

ե/ պատշաճ միջոցներ են ձեռնարկում ֆինանսական և այլ բնույթի ներքին շուկայական պայմանների և խթանների ստեղծման համար, որոնք նպաստում են համապատասխան տեխնոլոգիաների և գիտելիքների զարգացմանը, փոխանցմանը, ձեռքբերմանն ու տեղայնացմանը` ներառյալ մտավոր սեփականության իրավունքների պատշաճ և արդյունավետ պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցները:

2. Կողմերը, հաշվի առնելով իրենց համապատասխան հնարավորություններն ու ազգային օրենսդրությունը և/կամ քաղաքականությունը, պաշտպանում, խրախուսում և օգտագործում են, մասնավորապես, համապատասխան ավանդական և տեղական տեխնոլոգիաները, գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան և այդ նպատակով պարտավորվում են.

ա/ կազմել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի, ինչպես նաև տեղական բնակչության մասնակցությամբ դրանց կիրառման հնարավորությունների ցանկեր և այդ ցանկերում ներառված տեղեկատվությունը տարածել համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ,

բ/ ապահովել, որ այդպիսի տեխնոլոգիաները, գիտելիքները, «նոու-հաուն» և պրակտիկան պատշաճ կերպով պաշտպանված լինեն և որ տեղական բնակչությունը արդարացի և փոխհամաձայնեցված պայմաններով ուղղակի օգուտներ քաղի դրանց ցանկացած տեսակի առևտրային օգտագործումից և դրանց հիման վրա ստեղծված ցանկացած տեխնիկական մշակումներից,

գ/ խրախուսել և ակտիվորեն օժանդակել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի, ինչպես նաև դրանց հիման վրա մշակված նոր տեխնոլոգիաների կատարելագործմանն ու տարածմանը,

դ/ պատշաճ կերպով նպաստել այդպիսի տեխնոլոգիաների, գիտելիքների, «նոու-հաուի» և պրակտիկայի հարմարեցմանը բազմակողմանի օգտագործման համար և համապատասխան կերպով ապահովել դրանց ինտեգրացումը ժամանակակից տեխնոլոգիաներին:

Բաժին 3

Օժանդակության միջոցներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։