Անցնել բովանդակությանը

Հոդված 21

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21

Ֆինանսական մեխանիզմներ

1. Կողմերի խորհրդաժողովն օժանդակում է ֆինանսական մեխանիզմների առկայության ապահովմանը և նպաստում է, որ այդ մեխանիզմները առավելագույն չափով ապահովեն Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետությունների, հատկապես` աֆրիկյան պետությունների մոտ Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությունը: Այդ նպատակով Կողմերի խորհրդաժողովը քննարկում է, մասնավորապես, այնպիսի մոտեցումների և քաղաքականության ընդունումը, որոնք.

ա/ նպաստում են սույն Կոնվենցիայի համապատասխան դրույթների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության ապահովմանն ազգային, ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակների վրա,

բ/ խրախուսում է այն մոտեցումները, մեխանիզմներն ու պայմանավորվածությունները, որոնք նախատեսում են ֆինանսավորման բազմակի աղբյուրների օգտագործում, ինչպես նաև դրանց գնահատում, 20-րդ հոդվածին համապատասխան,

գ/ շահագրգիռ կողմերին և համապատասխան միջկառավարական ու հասարակական կազմակերպություններին պարբերաբար ներկայացնում են տեղեկություններ ֆինանսական միջոցների առկա աղբյուրների և դրանց համադրման ֆինանսավորման պայմանների վերաբերյալ,

դ/ համապատասխան կերպով նպաստում են այնպիսի մեխանիզմների ստեղծմանն, ինչպիսիք են անապատացման դեմ պայքարի ազգային հիմնադրամներ` ներառյալ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ գործող մեխանիզմները` ազդեցության ենթարկված զարգացած պետություններին ֆինանսական միջոցների արագ և արդյունավետ տրամադրման նպատակով,

ե/ հզորացնում են գործող հիմնադրամները և ֆինանսավորման մեխանիզմները ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա, հատկապես` Աֆրիկայում` Կոնվենցիայի իրագործմանն ավելի արդյունավետ կերպով օժանդակելու նպատակով:

2. Կողմերի խորհրդաժողովը նաև, Միավորված ազգերի կազմակերպության համակարգի տարբեր մեխանիզմների և բազմակողմ ֆինանսական կազմակերպությունների միջոցով, խրախուսում է օժանդակության ցուցաբերումն ազգային, ենթատարածաշրջանային և տարածաշրջանային մակարդակների վրա այն գործունեությանը, որը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին հնարավորություն է տալիս կատարել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունները:

3. Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններն օգտագործում, իսկ անհրաժեշտության դեպքում` ստեղծում կամ հզորացնում են համադրման ազգային մեխանիզմներ, որոնք ներառված են զարգացման ազգային ծրագրերում, ինչը կապահովի առկա բոլոր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը: Նրանք նաև օգտագործում են հասարակական կազմակերպությունների, տեղական խմբակցությունների և մասնավոր հատվածի մասնակցությունը ծրագրերի մշակման, ինչպես նաև իրականացման և տեղական մակարդակի վրա խմբակցությունների համար ֆինանսական միջոցների մատչելիության ապահովման գործընթացներին: Նման միջոցառումների իրականացմանը կարող է նպաստել աջակցություն ցուցաբերողների կողմից ավելի արդյունավետ համադրումը և խելացի պլանավորումը:

4. Գործող ֆինանսական մեխանիզմների արդյունավետության բարձրացման նպատակով, սույնով ստեղծվում է Գլոբալ մեխանիզմ, որի նպատակն է օժանդակել առկա ֆինանսական միջոցների մոբիլիզացմանը և բաշխմանն ուղղված միջոցներին` ներառյալ տեխնոլոգիաների անհատույց և/կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը Կոնվենցիայի Կողմ հանդիսացող ազդեցության ենթարկված զարգացող պետություններին: Այդ Գլոբալ մեխանիզմը գործում է Կողմերի խորհրդաժողովի ղեկավարությամբ և հաշվետու է նրա առջև:

5. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստում սահմանում է այն կազմակերպությունը, որի ենթակայությանն է հանձնվում Գլոբալ մեխանիզմը: Կողմերի խորհրդաժողովը և իր կողմից սահմանված կազմակերպությունը միմյանց միջև համաձայնեցնում են Գլոբալ մեխանիզմի գործելու պայմանները, որպեսզի այն, մասնավորապես.

ա/ հատկանշի և հաշվառման ենթարկի Կոնվենցիայի իրագործման համար անհրաժեշտ առկա համապատասխան երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրերը,

բ/ համապատասխան դիմումի առկայության դեպքում, խորհրդատվություն տրամադրի Կողմերին ֆինանսավորման նոր մեթոդների և ֆինանսական աջակցության նոր աղբյուրների, ինչպես նաև ազգային մակարդակի վրա համագործակցության համադրման կատարելագործման ուղիների վերաբերյալ,

գ/ շահագրգիռ Կողմերին և համապատասխան միջկառավարական և հասարակական կազմակերպություններին տրամադրի տեղեկություններ ֆինանսական միջոցների առկա աղբյուրների և ֆինանսավորման մեթոդների մասին` դրանց միջև համադրմանը նպաստելու նպատակով,

դ/ հաշվետվություններ ներկայացնի Կողմերի խորհրդաժողովին իր գործունեության վերաբերյալ` սկսած խորհրդաժողովի երկրորդ հերթական նիստից:

6. Կողմերի խորհրդաժողովն իր առաջին նիստին համապատասխան միջոցառումներ է անցկացնում Գլոբալ մեխանիզմի տնօրինման համար իր կողմից սահմանված կազմակերպության հետ` ուղղված այդ մեխանիզմի վարչարարական գործունակության ապահովմանը, ելնելով առկա հնարավորություններից, բյուջետային միջոցներից և մարդկային ռեսուրսներից:

7. Կողմերի խորհրդաժողովն իր երրորդ հերթական նիստին, 4-րդ կետի և 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ուսումնասիրում է իրեն հաշվետու Գլոբալ մեխանիզմի քաղաքականությունը, օպերատիվ պայմանները և գործունեությունը: Այդ ուսումնասիրության արդյունքների հիման վրա խորհրդաժողովն անցկացնում է քննարկումներ և ձեռնարկում համապատասխան միջոցներ:

Մաս 4

Հաստատություններ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։