Հոդված 14
Հոդված 14.
Օրենքի 30-րդ հոդվածում`
1) վերնագրի «կապիտալը և դրան» բառերը փոխարինել «կապիտալին և իրենց կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդում մասնակցությանը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով.
«2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնադրական կապիտալից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իր միջոցներից: Սույն մասով նախատեսված մասնակցության չափի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Սույն հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում, սակայն ոչ ավել, քան չորս ամսվա ընթացքում:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը չի տարածվում այն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների վրա, որոնց մասնակցությունն իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափը: Ընդ որում, սույն մասով նախատեսված պարտադիր մասնակցության չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամից:»: