Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Պարտադիր կուտակային վճարներ կատարելը
1. Վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում, սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները:
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային գործակալ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները գործատուի համար սույն կետով սահմանված ժամկետում սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները: Այս դեպքում հարկային գործակալը «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում պարտադիր կուտակային վճարի տարեկան անձնավորված հաշվարկ:
3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:
4. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք, ինչպես նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները` որպես ինքնազբաղված անձինք ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են կուտակային վճարները տարեկան կտրվածքով՝ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից հանդիսացող վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացողը կուտակային վճարը հաշվարկում և փոխանցում են ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:
5. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղված անձինք «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:
Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները յուրաքանչյուր ամսվա համար գործատուի համար սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված պարզեցված հաշվարկ:
6. Վարձու աշխատողների, պայմանագրային եկամուտ ստացողների գրանցման, անձնավորված հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7. Գործատուները և սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունում նշված վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները նախորդ հաշվետու ժամանակահատվածների համար ներկայացված պարտադիր կուտակային վճարի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակահատվածների համար պարտադիր կուտակային վճարների պարտավորությունների վերահաշվարկ:
8. Նոտարները, անհատ ձեռնարկատերերը և ինքնազբաղվածները հաշվետու ժամանակահատվածի համար տարեկան պարտադիր կուտակային վճարի մասին հաշվարկը ներկայացնելուց հետո իրավունք ունեն ճշգրտումներ մտցնելու դրանցում արտացոլված տվյալներում:
9. Հարկային մարմնի կողմից պարտադիր կուտակային վճար կատարողների (գործատուների) մոտ իրականացվող ստուգումների ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո հարկային մարմին ներկայացված ստուգվող կամ արդեն ստուգված ժամանակահատվածներին վերաբերող պարտադիր կուտակային վճարների հաշվարկների ճշտում չի իրականացվում:»: