Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված մասնակիցների համար կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով հետևյալ կերպ.
1) մասնակից հանդիսացող վարձու աշխատողը, օտարերկրացին ու քաղաքացիություն չունեցող անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով չի գերազանցում 500000 դրամը, պարտավոր է կատարել ամսական կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.
2) մասնակից հանդիսացող վարձու աշխատողի, օտարերկրացու ու քաղաքացիություն չունեցող անձի համար (օգտին) (որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է բազային եկամուտ, և որի բազային եկամուտը ամսական կտրվածքով գերազանցում է 500000 դրամը) պետական բյուջեից մասնակցի համար (օգտին) կատարվող ամսական վճարը կազմում է 25000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը ամսական վճարում է մասնակիցը.
3) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից.
4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակցի համար (օգտին) (որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով գերազանցում է 6000000 դրամը), պետական բյուջեից կատարվող տարեկան վճարը կազմում է 300000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը տարեկան վճարում է մասնակիցը:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված մասնակիցների պայմանագրային եկամուտներից, ինչպես նաև որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտներից վճարվող կուտակային վճարը կատարվում է 5% դրույքաչափով` առանց պետական բյուջեից հավելյալ վճար կատարելու: Ընդ որում, մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից կուտակային վճար կատարում է կամավորության սկզբունքով:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը կուտակային վճարներ է կատարում բազային եկամտի և պայմանագրային եկամուտների, ինչպես նաև որպես ինքնազբաղված անձ` ստացված եկամուտների 5%-ի չափով: Նրա համար (օգտին) պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում: Ընդ որում, մասնակիցը, որպես ինքնազբաղված անձ, ստացված եկամուտներից կուտակային վճար կատարում է կամավորության սկզբունքով:
4. Եթե 1974 թվականից հետո ծնված և պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած պայմանագրային եկամուտ ստացողները և ինքնազբաղված անձինք դառնում են վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, ապա նրանք կուտակային վճարը կատարում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով: Եթե պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից վարձու աշխատողը, նոտարը կամ անհատ ձեռնարկատերը դառնում են ինքնազբաղված անձ կամ պայմանագրային եկամուտ ստացող, ապա նրանք պայմանագրային եկամուտներից և, որպես ինքնազբաղված անձինք, ստացված եկամուտներից կուտակային վճարը կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
5. Մասնակցի` սույն օրենքով սահմանված բազային եկամուտ մի քանի աղբյուրներից միաժամանակ ստանալու դեպքում կուտակային վճարները կատարելու պարտավորությունը և կուտակային վճարի դրույքաչափը կիրառվում են յուրաքանչյուր առանձին դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված և մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցների համար (օգտին) պետության կողմից կատարվող ընդհանուր վճարները չեն կարող գերազանցել սույն հոդվածի 1-ին մասով պետության վճարների համար սահմանված չափերը: Մի քանի աղբյուրներից միաժամանակ բազային եկամուտ ստացող մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր օրացուցային տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մայիսի 31-ը լրավճարել իր համար կուտակային վճար` իր տարեկան բազային եկամտի 10 տոկոսի և պետության կատարած համապատասխան վճարների տարբերության չափով:
6. Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է կատարել կուտակային վճարներ` մինչև սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելը:
7. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակիցը դադարում է կուտակային վճար կատարելը, եթե`
1) հարկային մարմին է ներկայացնում դիմում կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ, կամ
2) մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնում է դիմում կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ:
8. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից կուտակային վճար կատարելը դադարեցնելու վերաբերյալ դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Վարձու աշխատողը և պայմանագրային եկամուտ ստացող անձը դիմումը հարկային մարմին են ներկայացնում գործատուի միջոցով:
9. Մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցի կողմից կուտակային կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու մասին տեղեկացնում է հարկային մարմնին, իսկ հարկային մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` գործատուին:
10. Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակիցը կուտակային վճար կատարելը դադարեցնում է`
1) աշխատավարձից ու դրան հավասարեցված այլ վճարումներից և պայմանագրային եկամուտներից` դիմումը հարկային մարմին ներկայացնելու նպատակով գործատուին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
2) ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից, ինչպես նաև որպես ինքնազբաղված` ստացված եկամուտներից` դիմումը հարկային մարմին ներկայացնելու նպատակով գործատուին ներկայացնելու կամ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:
11. Մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կուտակային վճարի դրույքաչափը սահմանվում է բազային եկամտի 5 %-ի չափով, իսկ մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից կուտակային վճարումներ չեն կատարվում:»: