Հոդված 28
Հոդված 28
Գործողության դադարեցումը
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց երեք տարի անց, կարող է դադարեցնել դրա գործողությունը` դիվանագիտական ուղիներով այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին, օրացուցային տարվա լրանալուց առնվազն 6 ամիս առաջ:
2. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի այն ծրագրերի և հարցումների կատարման վրա, որոնք համաձայնեցվել են դրա գործողության ընթացքում, եթե Պայմանավորվող կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
Ի հաստատումն սույնի` պատշաճ կերպով լիազորված անձինք ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի «15»-ին երկու բնօրինակով` հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են: Հայերեն և վրացերեն տեքստերի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ 1
Անձնական տվյալների պաշտպանություն
1. Սույն Համաձայնագրի համաձայն փոխանակման կարգով ստացված անձնական տվյալները կարող են օգտագործվել միայն նշված նպատակներով և պահպանելով այդպիսի տեղեկատվություն տրամադրող մաքսային ծառայության կողմից սահմանված պայմանները:
2. Հարցման դեպքում, անձնական տվյալները ստացող մաքսային ծառայությունը դրանք տրամադրած մաքսային ծառայությանը հայտնում է դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:
3. Անձնական տվյալները տրամադրվում են միայն մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը: Անձնական տվյալների տրամադրումը ցանկացած այլ մարմնին թույլատրվում է միայն Պայմանավորվող կողմին տվյալներ տրամադրած մաքսային ծառայության նախնական համաձայնությամբ:
4. Անձնական տվյալներ տրամադրող մաքսային ծառայությունն ապահովում է, որ այդպիսի տվյալները լինեն ստույգ, փոխանցման պահին նորացված և չվերազանցեն այն նպատակները, որոնց համար դրանք տրամադրվել են: Պետք է պահպանվեն Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները: Եթե պարզվի, որ տրամադրված անձնական տվյալները ստույգ չեն, կամ տվյալների փոխանակումն անհնարին է, մյուս Պայմանավորվող կողմն անհապաղ պետք է ծանուցվի դրա մասին: Այդպիսի տվյալներ ստացած մաքսային ծառայությունը դրանցում փոփոխություններ կկատարի կամ կոչնչացնի դրանք:
5. Հարցման դեպքում, ցանկացած ֆիզիկական անձին պետք է տրամադրվի տեղեկատվություն` իրեն առնչվող գոյություն ունեցող անձնական տվյալների և դրանց հնարավոր օգտագործման մասին: Անձին այդպիսի տեղեկատվության տրամադրման պարտավորությունը չի գործի, եթե հասարակական շահը, որը հակասում է տեղեկատվության տրամադրմանը, գերազանցում է տեղեկատվությունը ստացող կոնկրետ անձի շահագրգռվածությունը: Դրանից բացի, տեղեկատվություն ստանալու իրավունքը կարգավորվում է այն Պայմանավորվող կողմի տարածքում գործող ներպետական օրենսդրությամբ, որտեղ ներկայացվել է տեղեկատվության տրամադրման մասին հարցումը: Անձնական տվյալներ տրամադրող մաքսային ծառայության հետ խորհրդատվությունները պետք է անցկացվեն մինչև շահագրգիռ անձի կողմից հարցվող տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելը: Տեղեկատվության տրամադրման կապակցությամբ մերժում ստանալու դեպքում, շահագրգիռ անձին տրվում է ռեմեդիում:
6. Այն դեպքում, եթե տվյալները լինեն ոչ ստույգ, հնացած կամ չափազանցված, դրանք պետք է ուղղվեն կամ ոչնչացվեն: Տվյալները այլ մարմիններին փոխանցելու դեպքում, նրանք ծանուցվում են նմանատիպ ուղղումների կամ ոչնչացման մասին:
7. Եթե սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակման կարգով ստացված անձնական տվյալների օգտագործմամբ անցկացված հետաքննության արդյունքում ֆիզիկական անձին վնաս է հասցվել, ապա դրա համար պատասխանատվություն է կրում այն մաքսային ծառայությունը, որն օգտագործել է այդ տվյալները` այդ Պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությանը համապատասխան: Մաքսային ծառայությունը չի կարող իր վրայից հանել պատասխանատվությունն այն պատճառաբանությամբ, որ վնասն առաջացել է մյուս մաքսային ծառայության գործողություններից, որը տրամադրել է անձնական տվյալները:
8. Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակման կարգով ստացված անձնական տվյալները պետք է պահվեն այն ժամանակահատվածի ընթացքում, որն անհրաժեշտ է հարցման կատարման համար:
9. Մաքսային ծառայություններն ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում փոխանակման կարգով փոխանցված կամ ստացված անձնական տվյալների գրանցումը:
10. Մաքսային ծառայությունները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ մարմինները, ապահովում են անձնական տվյալների պաշտպանությունը չթույլատրված օգտագործումից, փոփոխություններից և տարածումից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. հունիսի 20-ին: