Հոդված 12
Հոդված 12.
Նախատեսում է գլխուղեղի, ողնուղեղի, ուղեղի թաղանթի ինչպես առաջնային (վարակիչ), այնպես էլ երկրորդային բնույթի, շփման կամ արյան միջոցով տարածվող բորբոքային հիվանդությունները (էնցեֆալիտներ, էնցեֆալոմիելիտներ, արախնոիդիտներ, մենինգիտներ), առաջնային (Գիյեն-Բարե) և երկրորդային պոլինևրիտները, պոլիոմիելիտը, միելիտը, տզից և մոծակից առաջացած տրանսմիսիոն էնցեֆալիտները և այլն, ինչպես նաև սիֆիլիսի, արյան հիվանդությունների, ինտոքսիկացիաների ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները:
«Ա» կետին են վերաբերում նյարդային համակարգի ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումները, որոնք առաջացել են վերոհիշյալ հիվանդությունների հետևանքով:
«Բ» կետին են վերաբերում հիվանդությունների դանդաղ ընթացող քրոնիկական ձևերը, որոնք, պայմանավորված կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման աստիճանով, զինվորական ծառայության սահմանափակման պատճառ են դառնում, բայց ամբողջովին չեն բացառում այն: Այս դեպքերում նկատվում են մնացորդային երևույթներ` ԿՆՀ-ի ֆունկցիաների չափավոր արտահայտված խանգարումներով, ներգանգային ճնշման չափավոր բարձրացումով: Զորակոչիկների՝ զինվորական ծառայության համար պիտանի լինելու հարցը որոշվում է ստացիոնար հետազոտությունից հետո:
«Գ» կետին վերաբերում են նեյրովարակներից և նյարդային համակարգի ախտահարումով ուղեկցվող ինտոքսիկացիաներից հետո առաջացած վիճակները, որոնց ելքը բուժումն ավարտելուց հետո լիակատար առողջացումն է կամ ԿՆՀ-ի ֆունկցիաների թեթև խանգարումը:
Մենինգակոկային վարակ տարած զորակոչիկներին տրվում է տարկետում, եթե բուժման ավարտից անցել է առնվազն 3 ամիս: Տարկետման ավարտից հետո նրանց պիտանիության հարցը որոշվում է՝ նկատի ունենալով նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման արտահայտվածության չափից: Մնացորդային երևույթների բացակայությամբ կամ ֆունկցիայի թեթև խանգարումով զորակոչիկները փորձաքննության են ենթարկվում «գ» կետի համաձայն և շարային ծառայության համար համարվում են պիտանի: Սահմանապահ զորքերում, ուսումնական զորամասերում ծառայության համար նրանք պիտանի չեն: Եթե ֆունկցիայի խանգարում չկա՝ II սյունակով համարվում են պիտանի:
Զինծառայողները, տարած սուր ծանր ընթացքով նյարդավարակներից հետո, փորձաքննվում են ըստ «ա» և «բ» կետերի, իսկ թեթև և միջին ծանրության նեյրովարակներից հետո փորձաքննվում են` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: