Հոդված 15
Հոդված 15.
Նախատեսում է գանգուղեղային և ողնուղեղային նյարդերի վնասվածքների և վիրավորման հետևանքները:
«Ա» կետին վերաբերում են նյարդերի ծանր վնասվածքների կամ վիրավորման հետևանքները՝ շարժիչ, զգացողության կամ սնուցման խիստ արտահայտված և կայուն խանգարումներով (մկանների խիստ արտահայտված ապաճում (ատրոֆիա), բազուկը՝ ավելի քան 4 սմ, նախաբազուկը՝ 3 սմ, ազդրերը՝ 8 սմ, սրունքները՝ 6 սմ, կոնտրակտուրաներ, քրոնիկական տրոֆիկ խոցեր, զգացողության խանգարումներ և այլն), ինչպես նաև վնասվածքների հետևանքները, որոնց ժամանակ պարեզի դեպքում խիստ խանգարվում է նաև վերջույթի հիմնական ֆունկցիան:
«Բ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի վնասվածքների հետևանքները՝ վերջույթի ֆունկցիայի չափավոր խանգարումով:
«Գ» կետին վերաբերում են նյարդերի ախտահարման այն հետևանքները, երբ դրանց ֆունկցիան գրեթե ամբողջությամբ վերականգնվում է, իսկ գոյություն ունեցող մնացորդային երևույթները, որպես զգացողության աննշան արտահայտված խանգարումներ և մկանների ուժի ոչ մեծ թուլություն, գործնականում չեն սահմանափակում վերջույթի ֆունկցիան:
Զինծառայողների մոտ հյուսակների և ծայրամասային մագիստրալ նյարդերի (միջնակ, ծղիկային, ճաճանչային, մեծ ոլոքային և նրբոլոքային) լրիվ վնասման դեպքում (հաստատված ԷՆՄԳ-ով), փորձաքննությունը կատարվում է 30, իսկ ոչ լրիվ վնասման դեպքում՝ 90 օրվա ընթացքում՝ կախված ֆունկցիայի խանգարման աստիճանից (չափավորը՝ «բ», իսկ աննշանը՝ «գ» կետով):
«Դ» կետին են վերաբերում այն վիճակները, երբ աշխատունակության լրիվ վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս: Արձակուրդից հետո զինվորական ծառայության կամ զինվորական մասնագիտական ծառայության պիտանիության մասին որոշումն ընդունվում է՝ նկատի ունենալով ֆունկցիաների խանգարման արտահայտվածության աստիճանը, համաձայն այս հոդվածի համապատասխան կետերի: Զորակոչիկներին տրվում է տարկետում` մինչև 6 ամիս: