Անցնել բովանդակությանը
Գլուխ IX · ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 36

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 36.

Սկոլիոզով տառապող զորակոչիկների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.

1) 1-ին աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան,

2) 2-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան,

3) 3-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան,

4) 4-րդ աստիճան՝ ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:

Կիֆոզով տառապող զորակոչիկների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը.

- 1-ին աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան,

- 2-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան,

- 3-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան,

- 4-րդ աստիճան՝ ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 80-ից ավելի աստիճան:

Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի համար` նաև ձեռքերը վերև ձգած):

«Ա» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճան կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզ (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)՝ կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն) և ԱՇՖ-ի 3-րդ աստիճանի խանգարումով կամ առանց դրա (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք, անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանը), փորձաքննվում են ըստ «ա» կետի, հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները՝ ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով՝ միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում` առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան` ավելի, քան 60 օր), դիսպանսեր հսկողության տվյալներով և հրամանատարության բնութագրերով:

«Ա» կետին են նաև վերաբերում ողների մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլո-կորպորեդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, երկու և ավելի ողների մարմինների կոտրվածքի հետևանքները` սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման դեպքերում ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը զինվորական ծառայության համար որոշվում է անհատապես` «բ» կետի համաձայն:

Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, ժամանակակից հետազոտման մեթոդներով, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը` սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով՝ պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում:

«Բ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին ու ձեռքբերովի վերջնական ծռվածությունները, արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզ, Շոյերման-Մաոյի հիվանդությունը՝ համակցված տարածված սպոնդիլոարթրոզով (տարածված սպոնդիլոարթրոզ է կոչվում այն դեպքը, երբ պրոցեսում ներգրավված են 3 և ավելի ողներ):

II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 24-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 66-80 աստիճան՝ առանց ողների օստեոխոնդրոպաթիայի նշանների, կամ 61-68 աստիճան, ողների օստեոխոնդրոպաթիայի առկայությամբ)` կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն) ու ԱՇՖ-ի II աստիճանի խանգարումով կամ առանց դրա, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը (III սյունակով փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է «գ» կետով), տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստեոխոնդրոզը` բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, բայց առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնիսառեզոնանսային հետազոտությամբ), I-II.0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, իսկ III սյունակով փորձաքննվողների համար՝ II.0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք, ողի հին կոտրվածքներ սեպաձև ձևախեղումով՝ անկախ ողնաշարի ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի և հեռացման հետևանքները (I սյունակով փորձաքննվողների համար): Այս կետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի զգալի արտահայտված ձևախախտումները՝ անգամ առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման:

«Գ» կետին են վերաբերում ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), նաև` երրորդ աստիճանի կիֆոզը, երբ ծռվածության անկյունը 61-65 աստիճան է, առանց ողների օստեոխոնդրոպաթիայի նշանների), I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-23 աստիճան, ընդ որում, 21-23 աստիճանի դեպքում առաջին անգամ փորձաքննվելիս` զորակոչիկին տրվում է տարկետում)` աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ` սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը): Այս զինծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները մինչև 20 կգ, սահմանափակել երկարատև քայլքը 5 կմ-ից ավելի, վազքը՝ 1 կմ-ից ավելի:

III սյունակով փորձաքննվողների համար ողների մարմինների թարմ կոտրվածքների, միջողնային սկավառակների հեռացման դեպքում ստացիոնար բուժումից հետո արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ըստ 38-րդ հոդվածի «Դ» կետի, հերթական փորձաքննությունը կատարվում է «Բ» կետի համաձայն:

Ողի մարմնի կոտրվածքից 2 տարի հետո ողնաշարի ֆունկցիան աննշան խախտող փոփոխությունների դեպքում զորակոչիկները ճանաչվում են պիտանի ծառայության՝ սահմանափակումով:

Ողի մարմնի կոտրվածքի դեպքում, եթե անատոմիական խախտում չկա, զորակոչիկներին տրվում է տարկետում երկու անգամ` 1-ական տարով, այնուհետև` վերափորձաքննություն:

Ողի մարմնի սեպաձև կոտրվածքների դեպքում, անկախ ֆունկցիայի խախտման չափը, զորակոչիկները փորձաքննվում են «բ» կետով: Եթե առկա է ողնաշարի ֆունկցիայի խախտում, ապա զորակոչիկները փորձաքննվում են «ա» կետով:

Երկրորդ աստիճանի սկոլիոզի դեպքում, երբ ողնաշարի ծռվածության անկյունը 21-23 աստիճան է, զորակոչիկներին` 18-21 տարեկանում առաջին անգամ փորձաքննվելիս, «ե» կետի համաձայն տրվում է տարկետում` մեկ անգամ, մեկ տարի ժամկետով, որից հետո փորձաքննվում են ըստ «ա», «բ», «գ», «դ» կետերի:

«Դ» կետին են վերաբերում ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ` պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները՝ առանց ֆունկցիայի խանգարման:

Վերտեբրոբազիլիար անբավարարվածության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև 11-րդ հոդվածը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում՝ 16-րդ հոդվածը:

Պարանոցային օստեոխոնդրոզին հատուկ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողների հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, Էրբի վերին (անրակի արտաքին եզրից 2-3 սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: Ուստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլուխը պտտելուն: Առաջացած ցավերը (նաև` գլուխն ուսին դրած վիճակում) վկայում են պարանոցային օստեոխոնդրոզի առկայության մասին: Զինվորական ծառայությանը և ՌՈՒՀ-եր ընդունվելուն չեն խանգարում քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողների աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև` I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։