Հոդված 10
Հոդված 10.
Նախատեսում է առաջնային և երկրորդային ընկնավորությունը (էպիլեպսիան)՝ մեծ և փոքր նոպաներով, հոգեկան համարժեքներով կամ անձի յուրահատուկ փոփոխություններով: Այն պետք է հաստատվի մինչև մեկ ամիս տևողությամբ ստացիոնար հետազոտմամբ, անհրաժեշտության դեպքում անցկացվում են պրովոկացիոն տեստեր: Ցնցումներով ուղեկցվող և առանց ցնցումների նոպաներն արձանագրվում են բժշկի և բուժքրոջ կողմից: Կատարվում է առնվազն 2 ԷԷԳ հետազոտություն, անցկացվում են հոգեբույժի և այլ մասնագետների խորհրդատվություններ:
Ախտանշանային (սիմպտոմատիկ) ընկնավորությունը և հանկարծակի առաջացող մոլուցքի այլ ձևերը (նարկոլեպսիա, կատալեպսիա (փայտացում) և այլն) այս հոդվածին չեն վերաբերում: Այդ դեպքերում փորձաքննությունը կատարվում է հիմնական հիվանդությունն ախտորոշելու համար, օրինակ, ըստ 9-րդ կամ 12-րդ հոդվածի, եթե ջղաձգության ախտանշանն առաջացել է ուղեղի վնասվածքի հետևանքով: Վերջնական ախտորոշման համար իրականացվում է երկարատև ԷԷԳ-մոնիթորինգ, ինչպես նաև՝ գիշերային ԷԷԳ-գրանցում:
Ընկնավորության կլինիկական նկարագիրը վերլուծելիս անհրաժեշտ է անցկացնել ընկնավորության նոպաների տարբերակված ախտորոշում: Նոպայի առկայությունը պետք է հաստատվի բուժզննմամբ: Առանձին դեպքերում օգտակար կարող են լինել այնպիսի փաստաթղթեր, որոնք ստորագրել են ոչ բժշկական անձնակազմի պաշտոնատար անձինք և հաստատել են համապատասխան հրամանատարները (պետերը), եթե դրանցում նկարագրված բռնկումը և հետբռնկումային վիճակը հիմք են տալիս այն որակել որպես ընկնավորություն: Կասկածահարույց դեպքերում հարկ է հարցում անել ըստ բնակության, ուսման, աշխատանքի, ծառայության վայրի: Եթե ստացիոնար հետազոտության ժամանակ ընկնավորության ախտորոշումը հաստատվում է, փորձաքննությունն անցկացվում է համաձայն այս հոդվածի «Ա» կամ «Բ» կետի:
Հաճախակի նոպաների (տարին` 3 անգամ և ավելի) կամ ջղաձգային նոպաների հոգեկան համարժեքների, ինչպես նաև հոգեկան խանգարումների խորացման դեպքում փորձաքննությունն անցկացվում է «Ա» կետի համաձայն:
Առանց անձի՝ ընկնավորությանը բնորոշ թեթև արտահայտված փոփոխությունների, հազվադեպ նոպաների (տարին ոչ ավելի, քան 2-3 անգամ) դեպքում զինվորական ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ «Բ» կետի:
Երբ քաղաքացիական բժշկական (բուժկանխարգելիչ) կամ զինվորական բուժկանխարգելիչ հիմնարկների փաստաթղթերով հաստատվում է, որ անցյալում եղել է ընկնավորություն, բայց վերջին 5 տարվա ընթացքում չի կրկնվել, և զորակոչի ժամանակ ստացիոնար հետազոտման պայմաններում էլեկտրաուղեղագրիչը (էլեկտրաէնցեֆալոգրաֆ) ախտաբանական փոփոխություններ չի գրանցել ինչպես հանգստի, այնպես էլ ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության ժամանակ, ապա ըստ I և III սյունակների փորձաքննվող անձինք սույն հոդվածի «Գ» կետի համաձայն ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով: Ըստ II, IV սյունակների՝ փորձաքննվողները պիտանի չեն, իսկ ըստ III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես: Գիշերաշրջիկությունը (սոմնաբուլիզմ) նույնպես դիտվում է որպես ընկնավորության ձև, և եթե այն հաստատվում է բժշկական հետազոտությամբ, ապա այդ զորակոչիկների համար կիրառվում է սույն հոդվածի «Բ» կետը, իսկ եթե չկան հաստատող փաստաթղթեր, և ախտորոշումը հաստատվել է ըստ անամնեզի, ապա նրանք հետազոտվում են սույն հոդվածի «Գ» կետի համաձայն: Սահմանափակել վազքը 5 կմ և ավելի: