Հոդված 31
Հոդված 31.
Երիկամների հիվանդություններ ունեցող զորակոչիկների և զինծառայողների փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:
«Ա» կետին են վերաբերում երիկամների այն հիվանդությունները, որոնք բարդացած են երկրորդ և երրորդ աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ:
Առաջին աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ (և առանց դրա) երիկամների քրոնիկական հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ «բ» կետի:
Երիկամային քրոնիկական անբավարարության առաջին փուլը բնորոշվում է ազոտային փոխանակության նորմալ ցուցանիշներով կամ արյան մեջ մնացորդային ազոտի անցողիկ բարձրացումով մինչև 0,62 գ/լ, արյան պլազմայում կրեատենինի՝ մինչև 176,8 մկմոլ/լ բարձրացումով, կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 50 % (և բարձր) չափով, մեզի՝ 1018-ից ոչ ավելի հարաբերական խտության տատանումով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երկրորդ (ազոտեմիական) փուլը բնորոշվում է ազոտեմիայով` 0,6-0,9 գ/լ, կրեատենինեմիայով՝ 176,9-884 մկմոլ/լ և կծիկային զտման անհրաժեշտ ծավալի՝ 49-20 տոկոսի չափով, մեզի՝ 1011-1017 հարաբերական խտության տատանումներով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երրորդ փուլը բնորոշվում է 1,0 գ/լ-ը գերազանցող ազոտեմիայով, 884 մկմոլ/լ-ը գերազանցող կրեատենինեմիայով, 20-10 տոկոսից ցածր կծիկային զտման մակարդակով և կայուն իզոստենուրիայով (մեզի հարաբերական խտության տատանումները՝ 1005-1010):
Սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում ընդունվում է որոշում՝ ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած զինծառայողները, մեզի մեջ կայուն ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում, որոնք պահպանվում են երիկամների սուր հիվանդությունից հետո 2 և ավելի ամիսների ընթացքում, անկախ երիկամների ֆունկցիայի խանգարման աստիճանից, ըստ «բ» կետի ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Զորակոչիկները նույն կետով ճանաչվում են ժամանակավորապես ոչ պիտանի: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած ժամկետային զինծառայողները փորձաքննվում են «բ» կետով նաև այն դեպքում, եթե նրանց մոտ միզային փոփոխությունները պահպանվում են երեք և ավելի ամիսներ` կրելով ընդհատվող բնույթ: Սուր երիկամային անբավարարություն կամ սուր նեֆրիտի ծանր ձևեր տարած ժամկետային զինծառայողները «բ» կետով ճանաչվում են ծառայությանը ոչ պիտանի, անկախ միզային համախտանիշի հետագա պահպանումից:
Սուր նեֆրիտով հիվանդները պետք է բուժվեն նեղ մասնագետի հսկողության տակ:
Նախկինում սուր գլոմերուլոնեֆրիտ կամ սուր երիկամային անբավարարություն տարած զինակոչիկները «դ» կետի կիրառումով կարող են ճանաչվել պիտանի հիվանդության ապաքինումից որոշակի ժամանակ անց, եթե չկան կլինիկալաբորատոր շեղումներ.
1) սուր նեֆրիտի թեթև և միջին ծանրության ձևեր տարածները` ապաքինվելուց 3 տարի անց,
2) սուր նեֆրիտի ծանր (բարդություններով) ձևեր տարածները` ապաքինվելուց 5 տարի անց,
3) սուր երիկամային անբավարարություն տարածները` ապաքինվելուց 5 տարի անց:
Սուր ոչ օբստրուկտիվ պիելոնեֆրիտ տարած զինակոչիկները, որոնց մոտ վերջին 6 ամսվա ընթացքում չեն գրանցվել միզային փոփոխություններ, «դ» կետի կիրառմամբ կարող են ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար: Պիելոնեֆրիտի հաճախակի (տարին 3 և ավելի անգամ) սրացումներով, ոչ կայուն ռեմիսիայով, I և II սյունակներով փորձաքննվողները, ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար «բ» կետով: Սրացումները պետք է ուղեկցվեն ջերմության բարձրացմամբ, կայուն միզային համախտանիշով, սոնոգրաֆիկ բնորոշ փոփոխություններով:
Ժամկետային զինծառայողները, որոնց մոտ սուր պիելոնեֆրիտով հիվանդանալուց 3 և ավելի ամիսներ հետո պահպանվում են պիելոնեֆրիտին բնորոշ կլինիկալաբորատոր և գործիքային փոփոխությունները, «բ» կետով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Սուր պիելոնեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում, փորձաքննությունն իրականացվում է «դ» կետով, հետագայում զորամասում վերցնելով դիսպանսեր հսկողության:
Առանց կլինիկական դրսևորումների իզոլացված միզային համախտանիշ ունեցողների մոտ պետք է ժխտել երիկամների թաքնված հիվանդությունները` լատենտ պիելոնեֆրիտը կամ գլոմերուլոնեֆրիտը, երիկամների կամ միզուղիների տուբերկուլոզը, ինչպես նաև օրգանական և ֆիզիոլոգիական պատճառները: Իզոլացված միզային համախտանիշով զինակոչիկներին «գ» կետով տրվում է տարկետում մինչև 1 տարի` ուղեգրելով ստացիոնար հետազոտման:
Վերջին 3 ամսում կատարված քննություններով միզային փոփոխությունների բացակայության դեպքում, զինակոչիկները և ժամկետային զինծառայողները փորձաքննվում են «դ» կետով` ճանաչվելով պիտանի ծառայության, հետագայում զորամասում վերցվելով դիսպանսեր հսկողության:
Ըստ III սյունակի փորձաքննվողները ենթակա են բժշկական հսկողության: Նրանց պիտանիությունը ծառայության համար որոշվում է անհատապես:
Զորակոչիկների, զինծառայողների փորձաքննությունը երիկամաքարային հիվանդության, երիկամների և միզուղիների տուբերկուլոզի, այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև վնասվածքների ու վիրահատության հետևանքով առաջացած երիկամների ախտահարումների համախտանիշների դեպքում կատարվում է «Հիվանդությունների ցանկի» համապատասխան հոդվածների համաձայն: