Հոդված 12. Պատժամիջոցները և միջոցները
Հոդված 12. Պատժամիջոցները և միջոցները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված հանցագործությունները պատժելի լինեն արդյունավետ, համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցներով, ներառյալ քրեական և ոչ քրեական դրամական պատժամիջոցները, հաշվի առնելով դրանց ծանրությունը: Այդ պատժամիջոցները ներառում են սույն Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան սահմանված, ֆիզիկական անձանց կողմից կանխամտածված կատարված հանցագործությունների մասով, ազատազրկում նախատեսող պատժամիջոցներ, որոնք կարող են հանգեցնել անձի հանձնման:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցներ` ապահովելու համար, որ սույն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն պատասխանատվության ենթարկված իրավաբանական անձինք ենթարկվեն համաչափ և տարհամոզիչ պատժամիջոցների, ներառյալ քրեական և ոչ քրեական դրամական պատժամիջոցները, ինչպես նաև կարող է ձեռնարկել այլ միջոցներ, ինչպիսիք են՝
ա. ժամանակավորապես կամ մշտական հիմունքներով առևտրային գործունեություն իրականացնելու իրավունքից զրկելը,
բ. իրավական մարմինների վերահսկողության ներքո վերցնելը,
գ. դատական կարգով լուծարելը:
3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է օրենսդրական և այլ անհրաժեշտ միջոցներ`
ա. թույլատրելու համար հետևյալի առգրավումն ու բռնագրավումը.
i. բժշկական նշանակության արտադրանքը, ակտիվ նյութերը, օժանդակ նյութերը, մասերը, նյութերը և լրացուցիչ պարագաները, ինչպես նաև գույքը, փաստաթղթերը և այլ նյութական միջոցներ, որոնք օգտագործվել են սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործության կատարման նպատակով կամ նպաստել են դրա կատարմանը,
ii. հանցավոր ճանապարհով ստացված միջոցները կամ այդ միջոցների արժեքին համապատասխանող գույքը,
բ. թույլատրելու սույն Կոնվենցիային համապատասխան նախատեսված՝ հանցագործության առարկա հանդիսացող՝ բժշկական նշանակության բռնագրավված արտադրանքի, ակտիվ նյութերի, օժանդակ նյութերի, մասերի, նյութերի և լրացուցիչ պարագաների ոչնչացումը,
գ. ձեռնարկելու այլ անհրաժեշտ միջոցներ` ապագա հանցագործությունները կանխելու նպատակով կատարված հանցագործություններին արձագանքելու համար: