Հոդված 11
Հոդված 11
Տոկոսներ
1. Տոկոսները, որոնք առաջանում են մի Պայմանավորվող պետությունում և վճարվում են մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, կարող են հարկվել այդ մյուս Պետությունում։
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են, այդ Պետության օրենսդրության համապատասխան, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը հանդիսանում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա այդպես գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների ընդհանուր գումարի 10 տոկոսը։ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները այսպիսի սահմանափակումների կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ։
3. Չնայած սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներին՝ Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները պետք է ազատվեն այդ Պետությունում հարկից, եթե այդ տոկոսները վճարվում են և իսկապես պատկանում են մյուս Պայմանավորվող պետության Կառավարությանը կամ ազգային (կենտրոնական) բանկին։
4. «Տոկոսներ» տերմինը սույն Համաձայնագրում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ գրավային ապահովումից և պարտապանի շահույթներին մասնակցելու իրավունքի առկայությունից և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և փոխառության տոմսերից կամ պարտատոմսերից՝ ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի պարգևավճարներն ու շահումները։ Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները չեն դիտվում որպես տոկոսներ։
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ տեղակայված հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի նկատմամբ տոկոսները վճարվում են, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ։ Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ կամ 14–րդ հոդվածների դրույթները։
6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարող է հանդիսանում ինքը՝ այդ Պետությունը, նրա վարչատարածքային ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինները կամ այդ Պետության ռեզիդենտը։ Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն հանգամանքից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտ է հանդիսանում, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի մասով վճարվում են տոկոսները, և այդ տոկոսները վճարվում եմ այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի կողմից, ապա համարվում է, որ նման տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ տեղակայված է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան։
7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և որևէ այլ երրորդ անձի միջև հատուկ փոխհարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող՝ պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ։ Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համապատասխան՝ հաշվի առնելով սույն Համաձայնագրի մյուս դրույթները։