Հոդված 7
Հոդված 7
Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը հարկվում է միայն այդ Պետությունում, եթե միայն այդպիսի ձեռնարկությունը մյուս Պայմանավորվող պետությունում ձեռնարկատիրական գործունեությունը չի իրականացնում այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով։ Եթե ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել այն մյուս Պետությունում, բայց միայն այն մասով, որը վերագրվում է այդպիսի մշտական հաստատությանը։
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կամ իրականացրել է մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ տեղակայված մշտական հաստատության միջոցով, ապա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրում այդ մշտական հաստատությանն է վերագրվում այն շահույթը, որը նա կարող էր ստանալ այդպիսի կամ համանման պայմաններում զբաղված՝ ինքնուրույն և առանձին ձեռնարկություն լինելու դեպքում և գործեր ամբողջովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է։
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է մշտական հաստատության գործունեության նպատակների համար կատարված՝ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հանում, ներառյալ կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, անկախ այն հանգամանքից՝ կատարված են դրանք այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը կամ նրա սահմաններից դուրս՝ բացառությամբ գլխավոր ձեռնարկությանը վճարվող գումարների, ինչպիսիք են պատենտների կամ այլ իրավունքներից օգտվելու կամ մատուցած ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարների տեսքով տարբեր վճարումները կամ հոնորարների կամ նրա կողմից մշտական հաստատությանը տրամադրված գումարի դիմաց տոկոսների վճարումները։
4. Եթե Պայմանավորվող պետության կողմից մշտական հաստատությանը վերաբերող շահույթի որոշումը ձեռնարկության տարբեր ստորաբաժանումների միջև շահույթի ընդհանուր գումարի համամասնական բաշխման հիման վրա հանդիսանում է սովորական երևույթ, ապա սույն հոդվածի 2-րդ կետում ոչինչ չի խոչընդոտի Պայմանավորվող պետությանը հարկվող շահույթը որոշել այնպիսի բաշխման միջոցով, ինչպես սովորաբար ընդունված է։
Բաշխման ընտրված մեթոդը պետք է տա արդյունքներ՝ սույն հոդվածում ընդգրկված սկզբունքներին համապատասխան։
5. Ոչ մի շահույթ չի հաշվեգրվում մշտական հաստատությանը այդ մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար ապրանքի կամ արտադրանքի միայն գնման պատճառով։
6. Նախորդ կետերի նպատակների համար մշտական հաստատությանը վերաբերող շահույթը ամեն տարի որոշվում է միևնույն եղանակով, եթե չկան սահմանված կարգի Փոփոխման ծանրակշիռ և բավարար հիմքեր։
7. Եթե շահույթը ներառում է սույն Համաձայնագրի այլ հոդվածներում դիտարկվող եկամուտների տարրեր կամ եկամուտ, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: