Հոդված 10. Շահաբաժիններ
Հոդված 10. Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն նման շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է համարվում շահաբաժինները վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքներին համապատասխան, սակայն եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը համարվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5%-ը, եթե փաստացի սեփականատեր համարվող ընկերությունը (ընկերակցությունից տարբեր) ուղղակի տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության գույքի առնվազն 25%-ը,
բ) շահաբաժինների համախառն գումարի 15%-ը` մնացած բոլոր դեպքերում:
Այս կետը չի շոշափում ընկերության հարկումը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժիններ:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում կիրառելիս նշանակում է եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող` շահույթին մասնակցելու իրավունք տվող, այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորմանը, ինչպիսին որ բաժնետոմսերից ստացվող եկամուտը, այն Պետության օրենքներին համապատասխան, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտ է համարվում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և հոլդինգը, որի հետ կապված շահաբաժիններ են վճարվում, հիրավի վերաբերում է նման մշտական հաստատությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, ելնելով հանգամանքներից, կիրառվում են 7-րդ («Ձեռնարկատիրական շահույթ») կամ 14-րդ («Անկախ անձնական ծառայություններ») հոդվածների դրույթները:
5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտներ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը կարող է հարկումից լրիվ ազատել այդ ընկերության կողմից վճարվող շահաբաժինները, բացառությամբ, եթե այդ շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ եթե հոլդինգը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, հիրավի վերաբերում է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատությանը կամ մշտական բազային, և ընկերության չբաշխված շահույթից հարկեր չգանձել, նույնիսկ եթե շահաբաժինները վճարվում են կամ չբաշխված շահույթը լրիվ կամ մասնակիորեն կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: