Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ԵԿԱՄՈՒՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

Հոդված 11. Տոկոսներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Տոկոսներ

1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք համապատասխան այդ Պետության օրենքներին առաջանում են, բայց եթե տոկոսների փաստացի սեփականատերը համարվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա գանձվող հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10%-ը:

3. Անկախ 2-րդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսները, որոնք ստանում և փաստորեն տնօրինում է մյուս Պայմանավորվող պետության կառավարությունը, ներառյալ իշխանության տեղական մարմինները, կենտրոնական բանկը կամ կառավարության կողմից ամբողջովին տնօրինվող ցանկացած ֆինանսական կազմակերպությունը, կամ կառավարության կողմից երաշխավորվող փոխատվություններից ստացվող տոկոսները, առաջին հիշատակված Պետությունում հարկումից ազատվում են:

4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում կիրառելիս նշանակում է եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջից, անկախ գրավային ապահովումից և պարտապանի շահույթներին մասնակցելու իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, կառավարական արժեթղթերից և պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից եկամուտը, ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի կամ փոխառության տոմսերի պարգևավճարներն ու շահումները: Սույն հոդվածի նպատակների համար ժամկետանց վճարումների դիմաց գանձվող տուգանքները որպես տոկոսներ չեն դիտարկվում:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, տոկոսների առաջացման աղբյուր հանդիսացող մյուս Պայմանավորվող պետությունում գործունեություն է իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և պարտապահանջը, որի հիման վրա տոկոսները վճարվում են, հիրավի վերաբերում է նման մշտական հաստատությանը կամ մշտական բազային: Այդ դեպքում, ելնելով հանգամանքներից, կիրառվում են 7-րդ («Ձեռնարկատիրական շահույթ») կամ 14-րդ («Անկախ անձնական ծառայություններ») հոդվածների դրույթները:

6. Համարվում է, որ տոկոսներն առաջանում են Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտն է: Սակայն եթե տոկոսներ վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, մշտական հաստատություն կամ մշտական բազա ունի Պայմանավորվող պետությունում, որոնց առնչությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդ տոկոսների վճարման ծախսերը կատարում է նման մշտական հաստատությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ նման տոկոսները առաջանում են այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ մշտական բազան:

7. Եթե վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման նպատակով հիմք ծառայող պարտապահանջին վերաբերող տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և տոկոսների փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենքներին համապատասխան` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։