Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն նման ռոյալթին կարող է հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են համապատասխան այդ Պետության օրենքներին, սակայն եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը համարվում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի համախառն գումարի 10%-ը:
3. «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում կիրառելիս նշանակում է փոխհատուցման տեսքով ցանկացած տեսակի վճարումներ` ստացված որպես գրականության, արվեստի կամ գիտության ստեղծագործությունների (ներառյալ կինոֆիլմերը, ռադիոհաղորդումների կամ հեռուստատեսային հաղորդումների հեռարձակման համար ֆիլմերը կամ ձայնագրությունները) օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքներից, ցանկացած պատենտների, ապրանքանիշի, դիզայնի կամ մոդելի, պլանի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական սարքավորման օգտագործման կամ օգտագործման իրավունքի տրամադրման համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձի վերաբերյալ տեղեկության համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, գործունեություն է իրականացնում ռոյալթիի աղբյուր հանդիսացող մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող մշտական բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է ռոյալթին, հիրավի կապված են այդպիսի մշտական հաստատության կամ մշտական բազայի հետ: Այդ դեպքում, ելնելով հանգամանքներից, կիրառվում են 7-րդ («Ձեռնարկատիրական շահույթ») կամ 14-րդ (Անկախ անձնական ծառայություններ) հոդվածների դրույթները:
5. Համարվում է, որ ռոյալթին առաջանում է Պայմանավորվող պետությունում, եթե վճարողը այդ Պետության ռեզիդենտն է: Սակայն եթե ռոյալթի վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, թե ոչ, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ մշտական բազա, որի կապակցությամբ ռոյալթիի վճարելու պարտավորություն է առաջացել, և այդ ռոյալթիի վճարման ծախսերը կրում են այդ մշտական հաստատությունը կամ մշտական բազան, ապա համարվում է, որ ռոյալթին առաջանում է այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ մշտական բազան:
6. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով վճարման համար հիմք ծառայող օգտագործմանը, իրավունքին կամ տեղեկատվությանը վերաբերող ռոյալթիի գումարը գերազանցում է այն գումարը, որը համաձայնեցված կլիներ վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև` այդպիսի հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջին հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի ավելցուկային մասը կմնա հարկման ենթակա Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրի օրենքներին համապատասխան` պատշաճ կերպով հաշվի առնելով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: