Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.
ա) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Լիտվա,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով նշանակում է տարածք, ներառյալ ներքին ջրերը, որի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները և իրավազորությունը` միջազգային իրավունքի և ներքին օրենսդրությանը համապատասխան,
գ) «Լիտվա» տերմինը նշանակում է Լիտվայի Հանրապետություն և, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, նշանակում է Լիտվայի Հանրապետության տարածքը և ցանկացած այն գոտին, որը հարակից է Լիտվայի Հանրապետության տարածքային ջրերին, որոնց նկատմամբ Լիտվայի Հանրապետության օրենքներով և, համաձայն միջազգային իրավունքի, կարող են տարածվել Լիտվայի իրավունքները ծովափի և նրա ջրերի հատակի ու դրանց բնական պաշարների նկատմամբ,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն կամ անձանց ցանկացած այլ միավորում,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած կորպորատիվ միավորում կամ ցանկացած միավորում, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ,
զ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից օդանավով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ, երբ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող կետերի միջև,
ը) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
i) Հայաստանում` ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,
ii) Լիտվայում` ֆինանսների նախարարը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը,
թ) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
i) Պայմանավորվող պետության քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
ii) Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա այդպիսի կարգավիճակ ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն, ասոցիացիա կամ մասնավոր (անհատական) ձեռնարկություն (իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող):
2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած ժամանակ կիրառելիս նրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե այլ բան ենթատեքստից չի հետևում, կունենա այն նշանակությունը, որն այն տվյալ պահին ունի այդ Պետության օրենսդրությամբ այն հարկերի նկատմամբ, որոնց վրա տարածվում է Կոնվենցիան, այդ Պետությունում գործող հարկային օրենքներով սահմանվող յուրաքանչյուր նշանակություն կգերակայի այդ Պետության այլ օրենքներով տերմինին տրվող նշանակության նկատմամբ: