Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար, եթե այլ բան չի բխում ենթատեքստից.
ա) «Պայմանավորվող պետություն» և «Պայմանավորվող մյուս պետություն» տերմինները, ենթատեքստից կախված, նշանակում են Հայաստան կամ Չինաստան,
բ) «Հայաստան» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետություն,
գ) «Չինաստան» տերմինը նշանակում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն,
դ) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «Պայմանավորվող մյուս պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից իրականացվող կամ Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտի կողմից իրականացվող ձեռնարկություն,
ե) «հարկ» տերմինը, ենթատեքստից կախված, նշանակում է Հայկական հարկ կամ Չինական հարկ,
զ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձ, ընկերություն և անձանց ցանկացած այլ կազմավորում,
է) «ընկերություն» տերմինը նշանակում է որևէ կորպորատիվ կազմավորում կամ ցանկացած այլ սուբյեկտ, որը հարկման նպատակների համար դիտարկվում է որպես կորպորատիվ կազմավորում,
ը) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
I) Պայմանավորվող պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
II) Պայմանավորվող պետության օրենքներով ստեղծված կամ կազմակերպված ցանկացած իրավաբանական անձ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություններ, որոնք հարկային նպատակների համար դիտարկվում են որպես այդ Պայմանավորվող պետության օրենքներով ստեղծված կամ կազմակերպված իրավաբանական անձ,
թ) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկության կողմից շահագործվող ծովային կամ օդային նավով, բացառությամբ, երբ ծովային կամ օդային նավը շահագործվում է միմիայն Պայմանավորվող մյուս պետությունում գտնվող կետերի միջև,
ժ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
I) Հայաստանի առնչությամբ` ֆինանսների նախարարություն կամ նրա լիազորած ներկայացուցիչ,
II) Չինաստանի առնչությամբ` հարկման պետական ադմինիստրացիա կամ նրա լիազորած ներկայացուցիչ:
2. Պայմանավորվող պետության կողմից Համաձայնագիրը կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին կունենա, եթե ենթատեքստից այլ բան չի բխում, այն նշանակությունը, որը նրան տրվում է այդ Պայմանավորվող պետության օրենքներով` հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը: