Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Հոդված 5. ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «մշտական հաստատություն» արտահայտությունը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով իրականացվում է ձեռնարկության գործունեությունը` ամբողջությամբ կամ մասամբ:
2. «Մշտական հաստատություն» արտահայտությունը հատկապես ներառում է.
ա) ղեկավարման վայր,
բ) բաժանմունք,
գ) գրասենյակ,
դ) ֆաբրիկա,
ե) արտադրամաս, և
զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների արդյունահանման ցանկացած այլ վայր:
3. «Մշտական հաստատություն» տերմինը պարունակում է նաև.
ա) շինարարական հրապարակը, շինարարության, հավաքման կամ տեղակայման ծրագիր կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը, բայց միայն երբ այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 12 ամիսը,
բ) Պայմանավորվող պետության ձեռնարկության ծառայությունների մատուցումը (այդ թվում` խորհրդատվական) Պայմանավորվող մյուս պետությունում վարձու աշխատողների կամ այլ ներգրավված անձնակազմի միջոցով` պայմանով, որ այդ կարգի գործունեության տևողությունը մեկ կամ փոխկապակցված ծրագրերի ժամկետի կամ համընդհանուր ժամկետների համար գերազանցում է 12 ամիսը:
4. Չնայած 1-ից 3-րդ կետերի դրույթներին` կհամարվի, որ «մշտական հաստատություն» արտահայտությունը չի ներառի.
ա) հարմարությունների օգտագործումը բացառապես ձեռնարկությանը պատկանող ապրանքները կամ արտադրանքը պահելու, ցուցադրելու կամ հանձնելու նպատակով,
բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի սպասարկումը բացառապես պահելու, ցուցադրելու կամ հանձնելու նպատակով,
գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարի սպասարկումը այլ ձեռնարկության կողմից միմիայն մշակման նպատակի համար,
դ) գործունեության կայուն վայրի սպասարկումը ձեռնարկության համար միմիայն ապրանքների կամ արտադրանքի գնման, կամ տեղեկությունների հավաքման նպատակներով,
ե) գործունեության կայուն վայրի սպասարկումը ձեռնարկության համար միմիայն նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,
զ) գործունեության կայուն վայրի սպասարկումը բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության իրականացման համար` պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ընդհանուր գործունեությունը կունենա նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:
5. Չնայած առաջին և երկրորդ կետերի դրույթներին, եթե անձը, չլինելով անկախ կարգավիճակով գործակալ, որին վերաբերում են 6-րդ կետի դրույթները, գործում է Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող մյուս պետության ձեռնարկության անունից, ունի և սովորաբար օգտագործում է ձեռնարկության անունից կոնտրակտներ կնքելու իրավասություն, ապա կհամարվի, որ այդ ձեռնարկությունն ունի մշտական հաստատություն առաջին հիշատակված Պայմանավորվող պետությունում` ցանկացած գործունեության առումով, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, բացառությամբ այդպիսի անձի համար 4-րդ կետով սահմանափակված գործունեության տեսակների, որոնք եթե անգամ իրականացվում են գործունեության կայուն վայրի միջոցով, չեն դարձնում այդ գործունեության կայուն վայրը մշտական հաստատություն այդ կետի դրույթների շրջանակներում:
6. Պայմանավորվող պետության ձեռնարկությունը չի համարվի մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող մյուս պետությունում, եթե միայն նա ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով` պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն, երբ այդպիսի գործակալի գործունեությունը ամբողջովին կամ համարյա ամբողջովին իրականացվում է այդ ձեռնարկության անունից, նա չի համարվի անկախ կարգավիճակով գործակալ սույն կետի իմաստով:
7. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը հսկում է Պայմանավորվող մյուս պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը կամ հսկվում է նրա կողմից, կամ գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ) ինքնըստինքյան չի վերածի այդ ընկերություններից մեկից մյուսի մշտական հաստատության: