Հոդված 105
Հոդված 105.
Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատումը
1. Գրավոր առաջադրանքները գնահատվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով:
2. Գնահատման հանձնաժողովի բոլոր անդամները պարտավոր են ստուգել գրավոր քննության բոլոր աշխատանքները: Ստուգումն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
3. Հավակնորդների գրավոր քննության աշխատանքները գնահատման հանձնաժողովին տրամադրվում են անանուն՝ ծածկագրված (ապանձնավորված) վիճակում: Գնահատման հանձնաժողովի անդամները պետք է ապահովված լինեն գնահատման չափորոշիչներին համապատասխան միավորների սանդղակով և ուղենիշային տիպային պատասխաններով, իսկ թեստային առաջադրանքների դեպքում՝ առաջադրանքների առաջարկվող ճիշտ լուծումներով: Գնահատման հանձնաժողովի անդամները չպետք է գնահատման ընթացքում միմյանց հետ քննարկեն գրավոր քննության աշխատանքին տրվող գնահատականները և դրանց հիմնավորումները: Հանձնաժողովի անդամները գրավոր քննության աշխատանքները գնահատելիս հաշվի են առնում Բարձրագույն դատական խորհրդի սահմանած գնահատման չափորոշիչները:
4. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո քննություն հանձնած անձի դիմումի հիման վրա անհապաղ, բայց ոչ ուշ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը տրամադրվում է իր գրավոր աշխատանքի պատճենը:
5. Գրավոր քննությունը և դրա արդյունքների ամփոփումը պետք է իրականացվեն հայտերն ընդունելու ժամկետի ավարտին հաջորդող մեկ ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև դեկտեմբերի 1-ը:
(105-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, լրաց. 03.02.21 ՀՕ-265-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)