Անցնել բովանդակությանը
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 17 · ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 132. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 132. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նախապատրաստումը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

2. Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քրեական մասնագիտացման կամ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման կամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավոր է: Վճռաբեկ դատարանում հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր նշանակվելու համար սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում, եթե քաղաքացիական մասնագիտացման դատավոր կամ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման կամ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման դատավոր է:

4. Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

4.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը մինչև դիմումներ ընդունելու ժամկետի ավարտը էլեկտրոնային համակարգում լրացնում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը և դիմումին կից ներկայացնում էլեկտրոնային համակարգում բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված լինելու մասին հայտարարություն։

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

6. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

7. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձի դիմումն ստուգվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված կարգով:

8. Յուրաքանչյուր թափուր տեղի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով առնվազն երեք թեկնածու չդիմելու դեպքում դիմում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կրկին հայտարարություն է տրվում:

9. Անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

(132-րդ հոդվածը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն, փոփ. 19.01.21 ՀՕ-22-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն, խմբ., լրաց., փոփ. 09.02.22 ՀՕ-24-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-575-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-159-Ն)

(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(09.02.22 ՀՕ-24-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(23.12.22 ՀՕ-575-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(11.04.24 ՀՕ-159-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։