Հոդված 11. Տոկոսներ
Հոդված 11. Տոկոսներ
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի տոկոսները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են՝ այդ Պետության օրենքների համաձայն, բայց եթե ստացողը տոկոսների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի տոկոսների համախառն գումարի 10 տոկոսը:
3. Անկախ 2-րդ կետի դրույթներից` Պայմանավորվող պետությունում առաջացող տոկոսներն այդ Պետությունում ազատվում են հարկումից, եթե դրանք ստացվել և փաստացիորեն տնօրինվել են՝
ա) մյուս Պայմանավորվող պետության Կառավարության, քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից, կամ
բ) i) Հայաստանի դեպքում՝ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից.
ii) Հնդկաստանի դեպքում՝ Հնդկաստանի պահուստային բանկի կողմից.
գ) ցանկացած այլ հաստատությունների կողմից, որոնց վերաբերյալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները նամակների փոխանակման միջոցով ժամանակ առ ժամանակ կարող են համաձայնության գալ:
4. «Տոկոսներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ ցանկացած տեսակի պարտապահանջներից, անկախ հիպոթեքային ապահովումից և անկախ պարտապանի շահույթին մասնակցության իրավունքի առկայությունից, և, մասնավորապես, եկամուտ կառավարական արժեթղթերից և պարտատոմսերից կամ փոխառության տոմսերից՝ ներառյալ այդպիսի արժեթղթերի, պարտատոմսերի և փոխառության տոմսերի հետ կապված պարգևավճարներն ու մրցանակները: Ժամկետանց վճարման համար կիրառվող տույժերը սույն հոդվածի նպատակով որպես տոկոսներ չեն դիտվում:
5. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե տոկոսների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում են տոկոսները, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով, և պարտապահանջը, որի կապակցությամբ վճարվում են տոկոսները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
6. Տոկոսները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտ է: Սակայն այն դեպքում, երբ տոկոսներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց կապակցությամբ առաջացել է պարտքը, որի տոկոսները վճարվում են, և այդպիսի տոկոսների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի տոկոսները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
7. Եթե վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով պարտապահանջին վերաբերող վճարված տոկոսների գումարը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ:
Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա, յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: