Հոդված 12. Ռոյալթի
Հոդված 12. Ռոյալթի
1. Պայմանավորվող պետությունում առաջացող և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարվող ռոյալթին և տեխնիկական ծառայության համար վճարները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի ռոյալթին կամ տեխնիկական ծառայության համար վճարները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որտեղ դրանք առաջանում են՝ այդ Պետության օրենքների համաձայն. սակայն եթե ռոյալթիի կամ տեխնիկական ծառայության համար վճարի փաստացի սեփականատերը մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ է, ապա այդ ձևով գանձվող հարկը չպետք է գերազանցի ռոյալթիի կամ տեխնիկական ծառայության համար վճարի համախառն գումարի 10 տոկոսը:
3. ա) «Ռոյալթի» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ փոխհատուցման ձևով ստացած ցանկացած տեսակի վճարում գրական, գեղարվեստական կամ գիտական աշխատանքների, ներառյալ կինոնկարների կամ հեռուստատեսային կամ ռադիոհաղորդումների հեռարձակման համար օգտագործվող տեսաժապավենները, կամ ձայներիզների, ցանկացած պատենտի, ապրանքային նշանի, նախագծի կամ մոդելի, գծագրի, գաղտնի բանաձևի կամ գործընթացի, ցանկացած հեղինակային իրավունքի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձի օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար, կամ արդյունաբերական, առևտրային կամ գիտական փորձին վերաբերող տեղեկության օգտագործման կամ օգտագործման իրավունքի համար.
բ) «տեխնիկական ծառայության համար վճարներ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ փոխհատուցման ձևով ստացված ցանկացած տեսակի վճարում, բացառությամբ սույն Կոնվենցիայի 14-րդ և 15-րդ հոդվածներում նշվածների, կառավարման, տեխնիկական կամ խորհրդատվական ծառայությունների, ներառյալ տեխնիկական կամ այլ անձնակազմի կողմից ծառայությունները, մատուցման համար:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե ռոյալթիի կամ տեխնիկական ծառայության համար վճարների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պայմանավորվող պետությունում, որտեղ առաջանում է ռոյալթին կամ տեխնիկական ծառայության համար վճարը, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որոնց կապակցությամբ վճարվում են ռոյալթին կամ տեխնիկական ծառայության համար վճարները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
5. Ռոյալթին կամ տեխնիկական ծառայության համար վճարները համարվում են առաջացած Պայմանավորվող պետությունում, եթե վճարողն այդ Պետության ռեզիդենտն է: Սակայն երբ ռոյալթի կամ տեխնիկական ծառայության համար վճարներ վճարող անձը, անկախ Պայմանավորվող պետության ռեզիդենտ լինելու կամ չլինելու հանգամանքից, Պայմանավորվող պետությունում ունի մշտական հաստատություն կամ հաստատուն բազա, որոնց առնչությամբ առաջացել է ռոյալթի կամ տեխնիկական ծառայության համար վճարներ վճարելու պարտավորությունը, և այդպիսի ռոյալթիի կամ տեխնիկական ծառայության համար վճարների վճարման ծախսերը կրում է այդպիսի մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա այդպիսի ռոյալթին կամ տեխնիկական ծառայության համար վճարները համարվում են առաջացած այն Պետությունում, որտեղ գտնվում է մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:
6. Այն դեպքում, երբ վճարողի և փաստացի սեփականատիրոջ կամ նրանց երկուսի և որևէ այլ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով օգտագործման, իրավունքի կամ տեղեկության համար վճարվող ռոյալթիի կամ տեխնիկական ծառայության համար վճարների գումարը գերազանցում է այն գումարին, որը կհամաձայնեցվեր վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կիրառվում են միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարումների ավելցուկային մասը մնում է հարկման ենթակա, յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենքներին համապատասխան, հաշվի առնելով սույն Կոնվենցիայի այլ դրույթները: