Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
Հոդված 7. Շահույթ ձեռնարկատիրական գործունեությունից
1. Պայմանավորվող պետության ձեռնարկության շահույթը ենթակա է հարկման միմիայն այդ Պետությունում, եթե միայն այդ ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը մյուս Պայմանավորվող պետությունում չի իրականացնում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով: Եթե ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը իրականացնում է վերը նշված ձևով, ապա այդ ձեռնարկության շահույթը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այն չափով, որը վերագրելի է այդ մշտական հաստատությանը:
2. Հաշվի առնելով 3-րդ կետի դրույթները՝ այն դեպքում, եթե Պայմանավորվող պետության ձեռնարկությունը իր ձեռնարկատիրական գործունեությունը մյուս Պայմանավորվող պետությունում իրականացնում է այդ Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող պետությունում այդ մշտական հաստատությանը վերագրվում է այն շահույթը, որն այն կարող էր ստանալ՝ լինելով ինքնուրույն ու առանձին ձեռնարկություն, նույն կամ համանման պայմաններում իրականացնելով նույն կամ համանման գործունեություն և գործելով լիովին անկախ այն ձեռնարկությունից, որի մշտական հաստատությունն է:
3. Մշտական հաստատության շահույթը որոշելիս թույլատրվում է նվազեցվող համարել այդ մշտական հաստատության ձեռնարկատիրական նպատակներով կատարված ծախսերը, ներառյալ այդ նպատակներով կատարված կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը, որոնք կատարվել են ինչպես այն Պետությունում, որտեղ գտնվում է այդ մշտական հաստատությունը, այնպես էլ այլ տեղում՝ այդ Պետության հարկային օրենքների դրույթներին համապատասխան և դրանցով սահմանված չափով:
Սակայն չի թույլատրվում նվազեցնել այն գումարները, եթե այդպիսիք կան, որոնք մշտական հաստատության կողմից վճարվել են ձեռնարկությանը (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար՝ ռոյալթիների, հոնորարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադրված փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:
Նմանապես, մշտական հաստատության շահույթը որոշելիս հաշվի չեն առնվի մշտական հաստատությանը վճարված գումարները (այլ կերպ, քան որպես փաստացի կատարված ծախսերի փոխհատուցում) ձեռնարկության կողմից՝ պատենտներից կամ այլ իրավունքներից օգտվելու համար՝ ռոյալթիների, հոնորարների կամ համանման այլ վճարումների տեսքով, մատուցված հատուկ ծառայությունների կամ ղեկավարման համար միջնորդավճարի տեսքով, կամ, բացառությամբ բանկային ձեռնարկության դեպքի, մշտական հաստատությանը տրամադվրած փոխառության դիմաց վճարված տոկոսների տեսքով:
4. Այնքանով, որքանով Պայմանավորվող պետությունում ընդունված է որոշել մշտական հաստատությանը վերագրվող շահույթը ձեռնարկության ամբողջ շահույթը իր տարբեր ենթամասերի միջև համամասնական բաշխման հիման վրա, 2-րդ կետը ոչ մի կերպ չի արգելում այդ Պայմանավորվող պետությանը որոշել հարկման ենթակա շահույթը ընդունված բաշխման եղանակով: Այնուամենայնիվ, ընդունված բաշխման եղանակը պետք է լինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի սույն հոդվածում շարադրված սկզբունքներին:
5. Մշտական հաստատության կողմից ձեռնարկության համար բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնումը հիմք չի հանդիսանում այդ մշտական հաստատությանը որևէ շահույթ վերագրելու համար:
6. Նախորդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթը որոշվում է տարեցտարի՝ միևնույն եղանակով, մինչդեռ չկա այն փոխելու համար հիմնավոր և բավարար պատճառ:
7. Այն դեպքում, եթե շահույթը ներառում է եկամտի այնպիսի տարրեր, որոնք առանձին քննարկված են սույն Կոնվենցիայի այլ հոդվածներում, ապա սույն հոդվածի դրույթները չեն ազդում այդ հոդվածների դրույթների վրա: