Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում
Հոդված 26. Տեղեկատվության փոխանակում
1. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկատվություն (ներառյալ փաստաթղթերը կամ փաստաթղթերի վավերացված պատճենները), որն անհրաժեշտ է Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների անունից գանձվող ցանկացած տեսակի և բնույթի հարկերի առնչությամբ սույն Կոնվենցիայի կամ ներքին օրենքների դրույթների կատարման համար՝ այնքանով, որքանով այդ օրենքներով սահմանած հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկատվության փոխանակումը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով: Պայմանավորվող պետության կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է գաղտնի, ինչպես այդ Պետության ներքին օրենքների սահմաններում ստացված տեղեկատվությունը, և կարող է տրվել միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են առաջին նախադասության մեջ հիշատակված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ կամ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկատվությունը օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկատվությունը բաց դատական նիստում կամ դատական որոշումների ժամանակ:
2. 1-ին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող.
ա) իրականացնելու իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին և վարչական գործավարությանը հակասող վարչական միջոցառումներ.
բ) ներկայացնելու տեղեկատվություն (ներառյալ փաստաթղթերը կամ փաստաթղթերի վավերացված պատճեններ), որը հասանելի չէ իր կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով կամ սովորական վարչական գործավարության ընթացքում.
գ) ներկայացնելու տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրական կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրային գործընթաց, կամ տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հանրային կարգին):