Հոդված 4. Ռեզիդենտ
Հոդված 4. Ռեզիդենտ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որն այդ Պետության օրենքներով ենթակա է հարկման այդ Պետությունում իր մշտական բնակության, պաշտոնական բնակման, կառավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա ցանկացած քաղաքական ստորաբաժանումը կամ իշխանության տեղական մարմինը: Այդ տերմինը, այնուամենայնիվ, չի ներառում որևէ անձի, որը այդ Պետությունում ենթակա է հարկման միմիայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի առնչությամբ:
2. Երբ, 1-ին կետի դրույթներից ելնելով, ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ`
ա) նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի մշտական կացարան. իսկ եթե նա մշտապես բնակվում է երկու Պետություններում, ապա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերը (կենսական շահերի կենտրոն) առավել սերտ են.
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից ոչ մեկում մշտապես չի բնակվում, համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է.
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում էլ կամ նրանցից և ոչ մեկում սովորաբար չի բնակվում, համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է.
դ) եթե նա երկու Պետությունների քաղաքացի է, կամ դրանցից ոչ մեկի քաղաքացին չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ:
3. Եթե, 1-ին կետի դրույթներից ելնելով, ֆիզիկական անձ չհանդիսացող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա համարվում է միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը: Եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ գտնվում է նրա փաստացի կառավարման վայրը, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարցը լուծում են փոխադարձ համաձայնությամբ: